15:21 | 22.10.18 | Նորություններ | 4601
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Synergy International Systems ընկերության հայաստանյան մասնաճյուղ։
Հակոբ Արշակյանը շրջել է գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին։
Synergy-ի հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ բացի Երեւանից, մասնաճյուղեր ունեն նաեւ Արցախում եւ Գյումրիում։
Քննարկվել են համագործակցության հնարավորությունները, այն քայլերը, որոնք, կառավարության կողմից իրականացվելու դեպքում, կարող են նպաստել տեխնոլոգիական ընկերությունների արագընթաց աճին։
Ընկերությունը գործում է ավելի քանի 20 տարի, գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է։
Հայաստանյան մասնաճյուղը բացվել է 1997թ. եւ ունի 200-ից ավելի աշխատող, որոնք ծրագրեր են իրականացնում աշխարհի 70 երկրի համար։
Ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման եւ խորհրդատվական ծառայություններ, մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի եւ գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում։ Հայաստանյան գրասենյակում գործում է նաեւ ուսումնական կենտրոն, որտեղ վերապատրաստում անցնող մասնագետները ուսումնասիրում են ընկերության կողմից կիրառվող տեխնոլոգիական պլատֆորմը եւ համալրում թիմը։