12:46 | 22.10.18 | Նորություններ | 3571

IDBank-ը եւ Idram-ը նոր թվային լուծում են առաջարկում

IDBank-ի եւ Idram համակարգի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան մեկ միասնական թվային հարթակի միջոցով օգտվել բոլոր ֆինանսական փաթեթներից:

Երկու ընկերությունների համատեղ նոր նախագծի գործարկման մասին հայտարարվել է Galactic City խորագրով միջոցառման ընթացքում:

Ինչպես տեղեկացրել են կազմակերպիչները, նոր թվային հարթակը հասանելի կլինի առաջիկա ամիսների ընթացքում. ամբողջ գործիքակազմը կներկայացվի փուլ առ փուլ:

Արսեն Քդենյանը եւ Սերգեյ Առաքելյանը Արսեն Քդենյանը եւ Սերգեյ Առաքելյանը
photo © Մեդիամաքս


Օգտատերերը հնարավորություն կունենան մոբայլ հավելվածի եւ վեբ ինտերֆեյսի միջոցով հաշիվներ բացել, դրանց կցել միջազգային վճարային համակարգի ցանկացած քարտ եւ վճարել ավելի քան 200 ծառայությունների դիմաց:

Բացի այդ, հավելվածի միջոցով հնարավոր կլինի Idram-ի գործընկերներից ստանալ առցանց վարկեր, կատարել վարկային պարտավորությունները եւ բանկային հաշիվներին փոխանցել դրամական միջոցներ, գործընկեր խանութներում եւ ռեստորաններում վճարումները կատարել QR-կոդով՝ ստանալով Cash back եւ այլ առավելություններ։

IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ աշխարհի զարգացած երկրներում նման համագործակցությունը՝ որպես նորարարություն, արդեն իր դրական արդյունքը բերել է գործընկեր կազմակերպություններին եւ նրանց օգտատերերին:

photo © Մեդիամաքս


«Idram-ի եւ IDBank-ի նախաձեռնած այս քայլը Հայաստանում այդ փորձի ներդրման հնարավորությունն է։ Իհարկե, մենք գնահատել ենք բոլոր ռիսկերը, եւ նման նախաձեռնությունը լի է բազմաթիվ մարտահրավերներով՝ կապված տեխնոլոգիական եւ նորարարական լուծումների ներդրման հետ: Բայց համոզված ենք, որ հաճախորդին հարմարավետ եւ ճկուն ֆինանսական գործիք առաջարկելու պահանջը վեր է ցանկացած դժվարությունից»,- ասել է նա:

Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանն էլ նկատել է, որ այժմ եկել է նոր, որակյալ շուկայի ժամանակը, որը պիտի բավարարի եւ նույնիսկ կանխատեսի տեխնոլոգիական առաջընթացը գնահատող հաճախորդների պահանջները:

«Հուսով եմ՝ մեր օգտատերերը կգնահատեն նոր թվային հարթակի առավելությունները, քանի որ, բացի Idram-ի կողմից առաջարկվող ծառայություններից, նրանք հնարավորություն կունենան օգտվել նաեւ մոբայլ հավելվածից ու միասնական վեբ հարթակից։ Նախագծի առաջին գործընկեր բանկերից է IDBank-ը։ Համոզված ենք, որ գործընկեր կազմակերպությունները, լրացնելով մեկը մյուսի ծառայությունները, կտրամադրեն լավագույն գործիքակազմը»,- ասել է Արսեն Քդենյանը:

photo © Մեդիամաքս


Ինչ վերաբերում է հարթակում ներկայացվելիք ծառայությունների տեսակներին, ապա Սերգեյ Առաքելյանը նշել է, որ գործարկման պահին հարթակում արդեն իսկ կլինի ծառայությունների բավական ծավալուն փաթեթ:

«Այնպես որ, սպասե՛ք նորությունների. մենք հերթով կներկայացնենք ծրագրի մանրամասներն ու ամբողջ գործիքակազմը: Շուտով մեր օգտատերերը կտեղեկանան, թե ինչպես է կոչվում հավելվածը եւ ինչ հնարավորություններ ունի այն»,- եզրափակել է նա:

Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի