11:20 | 08.10.18 | Նորություններ | 17316

PicsArt-ը Մոսկվայում արհեստական բանականության լուծումներ մշակող լաբորատորիա կբացի

Հայ-ամերիկյան PicsArt ընկերությունը պլանավորում է Մոսկվայում արհեստական բանականության լուծումներ մշակող լաբորատորիա հիմնել:

VC-ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է PicsArt-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը: Նրա խոսքով, լաբորատորիայի ստեղծման համար կարող է ծախսվել մինչեւ $2 մլն:

Նշվում է, որ PicsArt-ը 20 տեղացի ինժեների աշխատանքի կվերցնի: Լաբորատորիայում կմշակվեն արհեստական բանականության տեխնոլոգիաներ, որոնք PicsArt-ն օգտագործում է ֆոտո ֆիլտրերում, լրացված իրականության տեսախցիկներում, ինչպես նաեւ ցուցադրվող գովազդի ընտրության համար:

PicsArt-ի համահիմնադիրը նշել է, որ Մոսկվայի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանում առկա է մաթեմատիկական ուժեղ դպրոց եւ արհեստական բանականության ուղղությամբ մասնագիտացած մեծ թվով ինժեներներ:

2012թ. ստեղծված PicsArt-ը, որն ունի գրասենյակներ Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում, ներկայացնում է լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու եւ համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց: Հավելվածից օգտվում է շուրջ 120 մլն մարդ, որոնք ամեն ամիս ստեղծում են շուրջ 1 մլրդ պատկեր: Ընկերությունը մինչ օրս $45 մլն է ներգրավել: