15:33 | 05.10.18 | Նորություններ | 19815

Մեկնարկել է ԴիջիԹեք 2018 ցուցահանդեսը

Այսօր Երեւանում մեկնարկել է ԴիջիԹեք 2018 եռօրյա ցուցահանդեսը, որը կրում է «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը:

Ցուցահանդեսի շրջանակում պաշտոնապես մեկնարկել է նաեւ 2019թ. հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք «ՏՏ համաշխարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ու վարչապետին՝ համաժողովին աջակցելու համար:

ՀՀ Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է, որ ԴիջիԹեքն ամեն տարի միավորում է տեխնոլոգիական ընկերություններին ու լրացնում Հայաստանի մասին պատկերը:

«Ցուցահանդեսին այցելուները պետք է ընտանիքներով հաճախեն. տեսնեն հայ ինժեներների, հայկական ընկերությունների ներուժը, մեր ապագան։ Մենք ընդգծում ենք այս ցուցահանդեսի խիստ կարեւորությունը ու նախանշում, թե ինչպես ենք տեսնում ոլորտի եւ Հայաստանի ապագա զարգացումը եւ ուր ենք գնում»,- ասել է Հակոբ Արշակյանը:

«Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ ԴիջիԹեքը 14-րդ անգամ է հնարավորություն ընձեռում ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու նորարարական լուծումներով ու գաղափարներով։ Այս տարի Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաեւ ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար եւ հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում»,- ընդգծել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:


ԴիջիԹեքի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ եւ համակարգեր, հեռահաղորդակցության եւ ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ եւ հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ եւ մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական եւ կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ:

Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, Engineering City, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing, Keysight Technologies, Shtigen եւ մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաեւ Հայաստանով եւ Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է: Անցկացվում են նաեւ ԴիջիԼայֆ սեմինարներ:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, կրեատիվ գործընկերը՝ PicsArt ընկերությունը: