10:01 | 08.09.17 | Հոդվածներ | exclusive 121635

Աշխատանքն ու առօրյան PicsArt-ում

Հայաստանում վերջին տարիներին հարյուրավոր նոր ՏՏ ընկերություններ բացվեցին: Դրանք տարբերվում են չափերով, գործունեության ուղղություններով, ինչպես նաեւ աշխատանքային միջավայրով: Itel.am-ն իր նոր շարքում փորձում է ներսից բացահայտել հայաստանյան ՏՏ ընկերությունների աշխատանքային առանձնահատկությունները:

PicsArt-ը, որն ունի գրասենյակներ Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում, ներկայացնում է լուսանկարների մշակման, կոլաժների պատրաստման, նկարելու եւ համատեղ խմբագրելու համար նախատեսված հավելված եւ սոցիալական ցանց: Այն ունի 400 միլիոնից ավելի ներբեռնում եւ ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր:

Հավելվածը հասանելի է 20 լեզուներով եւ անվճար է iOS, Android եւ Windows հարթակների համար:

Արտավազդ Մեհրաբյան, ընկերության համահիմնադիր տնօրեն

Գրասենյակում ժամային սահմանափակում չկա, քանի որ աշխատում ենք արդյունքի եւ ոչ թե «ժամ լրացնելու» վրա:

Ընդմիջման ժամերը թողնված են աշխատողների խղճի վրա, եւ թիմային աշխատանքը նրանց ստիպում է պահել լանչի ժամերը (ժպտում է – խմբ.):

Քանի որ աշխատում ենք «fun and entertainment» ոլորտում, ամեն ինչ անում ենք, որ մեր PicsArt-ցիների աշխատանքային միջավայրը եւս այդպիսին լինի: Աշխատողներն ազատ են օգտվել Youtube-ից, խաղեր խաղալ՝ դա մեր աշխատանքի մի մասն է: Եթե ցանկանում ես պրոդուկտ ստեղծել՝ թիրախավորելով երիտասարդներին, ապա պետք է ինքդ ապրես այդ ոճով:

Հաշվի առնելով այն, որ մեր մյուս գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում է եւ առկա է 12 ժամվա տարբերություն, օնլայն լինելը մեր թիմում ամենակարեւոր գործոններից է: Եթե կարողանում եք ճիշտ օգտագործել ժամային գոտիների տարբերությունը, ապա դա վերածվում է շուրջօրյա աշխատող համակարգի:

Արտավազդ Մեհրաբյանը Արտավազդ Մեհրաբյանը


Շաբաթ եւ կիրակի օրերին չենք աշխատում, բայց շատերը նախընտրում են գրասենյակ գալ: Տանից աշխատելն էլ խնդիր չէ մեզ համար: Աշխատանքի բնույթն այնպիսին է, որ հնարավոր է, օրինակ, 2 օր շատ ծանրաբեռնված աշխատենք, հետո մի քանի օր ավելի թեթեւ ռեժիմով: Գրասենյակը բաց է շուրջօրյա:

Տանից աշխատելը նորմալ է դիտվում՝ անհրաժեշտության դեպքում:

Ներքին հաղորդակցությունը կազմակերպվում է Slack հարթակի միջոցով: Էլփոստ հազվադեպ ենք օգտագործում:

Աղմուկը մեր գլխավոր խնդիրներից է, քանի որ գրասենյակը open space է: Աղմուկից խուսափելը դժվար է, բայց փորձում ենք խնդրի կարգավորման տարբերակներ գտնել: Հնարավոր է՝ աղմուկի դետեկտորներ դնենք, եւ նրանք, ովքեր գերազանցեն նորմը, նկատողություն կստանան (ժպտում է – խմբ.): Իրականում բարդ է վերահսկել, տնօրինությունն էլ է մեկ-մեկ մոռանում ու բարձր խոսում: Խրախուսում ենք, որպեսզի նման բան նկատելու դեպքում մեզ զգուշացնեն: Ի դեպ, բոլորս աշխատում ենք նույն տարածքում, առանձնասենյակ մեզ մոտ չկա:

Picsart-ի ամենամեծ հավաքույթը երեւի մեր 5-ամյակի միջոցառումն էր:

Ընկերության հաջողությունները տոնելը կախված է դրանց մասշտաբայնությունից: Եթե ինչ-որ նպատակ է դրված, որին հասել ենք, կամ մեծ համակարգ է մշակվել, դա անպայման նշում ենք:

Մադլեն Մինասյան, Կոնտենտի գծով թիմի ղեկավար

Իմ աշխատանքային օրը սկսվում է ժամը 10:00-ին: Թիմում մարդիկ տարբեր մասնագիտություններ ունեն՝ օպերային երգիչ, լողորդ, նկարիչ: Կարծում եմ՝ բազմազանության գործոնը մեծ արժեք է հաղորդում կոնտենտին, քանի որ մեզ հարկավոր են մարդիկ, որոնք շաբլոնից դուրս կմտածեն:

Ամեն օր՝ ժամը 12:00-ին, թիմային հանդիպման ընթացքում ծանոթանում ենք օրվա նորություններին:

Դեմքով ճանաչում եմ գրեթե բոլոր՝ 350 աշխատողներին, եւ եթե անգամ անմիջապես շատերի հետ չեմ աշխատում, պարտադիր բարեւում եմ:

Մադլեն Մինասյանը Մադլեն Մինասյանը


Մեր գրասենյակի առավելություններից է այն, որ ոչ ոք ժամացույցը ձեռքին քեզ չի հետեւում: Մենք վստահում ենք մեր աշխատակիցներին:

Մեր թիմն ընկերությունում ամենամեծն է՝ 40 մարդ: Ես հասկացել եմ հետեւյալը՝ երբ դու մենեջեր ես, դու բոսս չես, դու մենթոր ես: Դու մարզում ես տվյալ մարդուն, որպեսզի նա դառնա վաղվա մենթորը: Դու տրամադրում ես նրան կյանքի որակ, որպեսզի նա քեզ համար լավ պրոդուկտ պատրաստի: Ավելի լավ է նստեմ եւ փորձեմ հասկանալ, թե ինչը կօգնի տվյալ մարդուն ավելի արդյունավետ աշխատել, քան թե զուտ բարկանալ:

PicsArt-ի խոհանոցում անվճար են հյութերը, բայց ես նախընտրում եմ սովորական ջուրը:

Հարություն Մարտիրոսյան, Ինժեներական թիմի ղեկավար

Արդեն 3 տարի է՝ աշխատում եմ PicsArt-ում եւ այդ ընթացքում նոութբուքիցս եւ ուսապարկիցս «ոչ մի րոպե չեմ բաժանվում»:

Հարություն Մարտիրոսյանը Հարություն Մարտիրոսյանը


Աշխատում եմ արձակուրդները կցել բիզնես ճամփորդությունների հետ. արդեն 4 անգամ բիզնես ճամփորդություն եմ ունեցել՝ մեկ անգամ Եվրոպայում, երեք անգամ՝ ԱՄՆ-ում:

Հին աշխատողներից 70-80-ին ճանաչում եմ: Եթե աշխատանքի բերումով ինչ-որ նոր մարդու հետ պետք է աշխատել, գործընկերներից հարցնում եմ անունը եւ գրում:

Ազատ Մելիքյան, Ավագ iOS ծրագրավորող

Արդեն 4 տարի է՝ աշխատում եմ PicsArt-ում եւ առավոտյան աշխատանքի եմ գալիս որքան հնարավոր է վաղ՝ մինչեւ 10:30: Աշխատում եմ պահել աշխատանքային 8 ժամվա սահմանը:

Տնօրինության հետ շփման առումով արգելք չկա: Նրանք եւս աշխատում են նույն օpen space-ում: Շաբաթ-կիրակի օրերին հիմնականում չեմ գալիս աշխատանքի, սակայն բացառություններ լինում են:

Սեղանի թենիս, Xbox խաղալու համար ժամային սահմանափակում չկա: Ով որքան ուզում է՝ կարող է խաղալ, սակայն աշխատանքդ դրանից ամեն դեպքում չպետք է տուժի:

Ազատ Մելիքյանը Ազատ Մելիքյանը


Ծննդյան տարեդարձերը տարբեր մարդիկ տարբեր ձեւով են նշում: Ոմանք գրում են ընդհանուր խմբում՝ բոլորին որոշակի ժամի խոհանոց հրավիրելով, եւ ով ցանկանում է՝ միանում է: Կան նաեւ մարդիկ, որոնք իրենց թիմի շրջանակում են նշում:

Գրասենյակում աշխատելուն միակ խանգարող գործոնը open space-ի աղմուկն է: Փորձում ենք գրասենյակում փոքր անկյուններ գտնել եւ այդտեղ աշխատել:

Open space-ի հաջորդ խնդիրը օդորակիչներն են: Մեր գրասենյակում դրանք հատվածավորված են, կարող ես կոնկրետ քո հատվածում կարգավորել ջերմաստիճանը, սակայն երբ նույն հատվածում մրսկան եւ չմրսկան մարդիկ են աշխատում, արդեն խնդիր է առաջանում:

Անի Թորանյան, Մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատու

Աշխատանքի ընդունվելիս հարցազրույցները հիմնականում ես եմ վարում: Մենք առաջին հերթին կարեւորում ենք մարդկային կողմը: Քանի որ մեր ներքին մշակույթը մի փոքր յուրահատուկ է, մեզ համար կարեւոր է մարդու անկեղծությունը, բաց լինելը, հաղորդակցվելու դյուրությունը:

Երբ մարդու հետ 30-40 րոպե զրուցում ես, ինչ-որ թերություններ պահել հնարավոր չէ: Հաճախ եղել է այնպես, որ հակառակ նրան, որ դիմողը տեխնիկական լավ հմտություններ է ունեցել, նրան աշխատանքի չենք ընդունել, քանի որ մյուս՝ մարդկային կողմը մեզ համար բավական թերի է գնահատվել:

Անի Թորանյանը Անի Թորանյանը


Ինձ համար շատ կարեւոր է, որ HR-ը դրական բան փոխանցի իր աշխատակիցներին: Առավոտյան պարտադիր պտտվում եմ ամբողջ գրասենյակով, հետաքրքրվում, թե ինչպես են մյուսների գործերը:

Ներկա-բացակա անելը բարդ չէ, ընկերությունը բաժանված է խմբերի, եւ յուրաքանչյուր խմբի ղեկավար կառավարում է իր թիմը: Բացակայության դեպքում խմբի ղեկավարին պետք է տեղյակ պահել, առանց դրա չի թույլատրվում բացակայել:

Աստղիկ Մարգարյան, Դիզայնի թիմի ղեկավար

Մեր թիմում 15 դիզայներ եւ 10 իլյուստրատոր է աշխատում: Քանի որ թիմը փոքր է, մենք կենդանի շփումն ենք նախընտրում:

Աստղիկ Մարգարյանը Աստղիկ Մարգարյանը


Հիշում եմ, երբ առաջին անգամ փոխեցինք PicsArt-ի դիզայնը, երկու օր լուսացրեցինք գրասենյակում: Դա անցած սեպտեմբերին էր: Ծանր աշխատանքին հաջորդեց ամենահիշարժան հավաքույթը:

Գրասենյակում ոչինչ չէի փոխի, քանի որ չգիտեմ՝ արդյո՞ք փոփոխության դեպքում ավելի լավ կլինի, թե ավելի վատ: Հիմա գործում է «ոսկե միջին»-ի տարբերակը:

Քրիս Գարդ, PicsArt-ի գործադիր կրեատիվ տնօրեն

Աշխատելով Սան Ֆրանցիսկոյում եւ տարին 6 անգամ այցելելով Հայաստան՝ կարող եմ ասել, որ երկու գրասենյակներում էլ վերաբերմունքը նույնն է՝ ընկերությունը մեր սեփական երեխան է:

Քրիս Գարդը Քրիս Գարդը


Երեւանի եւ Սան Ֆրանցիսկոյի տարբերությունն էներգիան է. Սան Ֆրանցիսկոյի գրասենյակը փոքր է, եւ այնտեղ հիմնականում ավագ մենեջերներն են աշխատում, տարիքով ավելի բարձր մարդիկ, իսկ երեւանյան գրասենյակը լի է երիտասարդ, էներգիայով լի մարդկանցով:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի