11:39 | 14.08.17 | Հոդվածներ | exclusive 71864
Հայաստանում մշակված CleverSentry (թարգ.՝ խելացի ժամապահ) ստարտափը դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ է:
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիր Էդգար Պողոսյանը պատմել է, որ համակարգից օգտվելու տարեկան վճարը կազմելու է $50: Դպրոցները գրանցման համար պետք է կապ հաստատեն ստարտափի հեղինակների հետ՝ կայքի կամ ֆեյսբուքյան էջի միջոցով:
«Զանգը հնչում է ավտոմատ՝ բացառելով շուտ կամ ուշ հնչելու հնարավորությունը: Բացի դա, կան դպրոցներ, որտեղ տագնապի ազդանշանը չի տարբերվում զանգի ձայնից: Ուղղակի զգուշացնում են աշակերտներին, որ եթե զանգը երկար հնչի, ուրեմն տագնապ է: CleverSentry-ն լուծել է այդ խնդիրը: Առկա է տագնապի համար նախատեսված հատուկ ազդանշան, որը հստակ տարբերվում է զանգի ձայնից: Առաջին ժամի զանգին հաջորդում է ՀՀ պետական օրհներգը: Այս գործառույթը կարեւոր է նրանով, որ դասից ուշացումներ չլինեն, եւ զանգը հնչելուն պես աշակերտները դասարանում սպասեն օրհներգի հնչելուն, եւ դրանից հետո միանգամից սկսեն դասը»,- նշել է Էդգար Պողոսյանը:
Դասամիջոցին համակարգը հնարավորություն կտա հայրենասիրական եւ ազգային երգեր հնչեցնել՝ նախապես դասավորելով դրանք ըստ ժամերի: CleverSentry-ի հիմնադիրը նշել է, որ հնարավոր է հնչեցնել նաեւ այլ ձայնագրություններ. օրինակ, եթե Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է, ապա հնարավոր կլինի միացնել, գրողի մասին պատմող որեւէ ձայնագրություն:
Էդգար Պողոսյանի խոսքով՝ առաջիկայում յուրաքանչյուր դպրոց կկարողանա համակարգ վերբեռնել իր նախընտրած երգերը. «Օրինակ, եթե դպրոցում տարեդարձ կա այդ օրը, հնարավոր կլինի համակարգում ներբեռնել նման երգ»:
Էդգար Պողոսյանը սովորում է Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում եւ հաճախում է նույն դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Նա նշում է, որ սեպտեմբերի 1-ից իրենց դպրոցում արդեն կգործի CleverSentry-ն: Նախագծով հետաքրքրվող այլ դպրոցներ եւս արդեն կան:
«Մեր կարգախոսն է «Ապագան սկսվում է դպրոցից»: Այսինքն, եթե մարդ ստանա որակյալ կրթություն, ապա կկարողանա ճիշտ կերտել իր ապագան: Եվ ցանկացած աշակերտ արդեն դպրոցից կարող է հայրենանվեր գործ անել»,- շեշտում է ստարտափի հիմնադիրը:
Նարինե Դանեղյան