11:02 | 14.09.18 | Նորություններ | 3709

SAP UP ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր

Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք սոցիալական ձեռներեցների համար նախատեսված SAP UP մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր:

SAP ընկերության կողմից կազմակերպվող մրցույթն անց է կացվում նաեւ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում: 2015թ.-ից մինչ օրս մրցույթին մասնակցել է ավելի քան 1500 նախագիծ:

Ընկերությունում Itel.am-ին տեղեկացրել են, որ կարող են դիմել էկոլոգիայի, բարձր տեխնոլոգիաների, տարածքային զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման, մշակույթի, բժշկության, առողջ ապրելակերպի ուղղությունների ստարտափներ:

Դիմումների վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է: Դիմում-հայտը հասանելի է այստեղ:

Մրցույթի հայաստանյան եզրափակիչը կկայանա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Հայաստանում մրցույթի հաղթողը կարժանանա 2 մլն դրամ պարգեւի: Մրցութային տեղեր զբաղեցող մյուս թիմերը կստանան Եվրոպայում կրթական շրջայց իրականացնելու հնարավորություն:

«Հույս ունենք, որ մրցույթը Հայաստանում շարունակական կլինի, նոր հնարավորություններ կբացի արդեն գործող նախագծերի համար եւ սոցիալական ձեռներեցության ոլորտ կներգրավի ավելի մեծ թվով ակտիվ մարդկանց«,- նշել է SAP ԱՊՀ-ի երեւանյան ներկայացուցչության տնօրեն Իլյա Շուլիպինը:

SAP-ը Գերմանիայում տեղակայված անդրազգային ընկերություն է, որը ներկայացնում է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված համակարգ:

Ընկերությունն օգնում է տարբեր չափերի եւ ուղղության կազմակերպություններին արդյունավետ կառավարել իրենց բիզնեսը: SAP-ի լուծումներից այսօր օգտվում է ավելի քան 378 հազ հաճախորդ: