15:34 | 13.09.18 | Նորություններ | 3622
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն մեկնարկել է 2018-2019թթ. SafeBoard ստաժավորման ծրագրին մասնակցության հայտերի ընդունման գործընթացը։
Ծրագիրը բաց է բոլոր կուրսերի ու մասնագիտացումների ուսանողների համար եւ անցկացվում է ընկերության մոսկովյան գրասենյակում մեկ տարվա ընթացքում։
Ստաժավորման ընթացքում նախատեսված է հինգ ուղղություն ինչպես ծրագրավորողների, այնպես էլ նրանց համար, ովքեր չեն ցանկանում կոդ գրել՝ սպառնալիքների ուսումնասիրություն, մշակում, թեստավորում, համակարգային վերլուծություն եւ համակարգային ադմինիստրավորում։
Ծրագիրը սկսնակ մասնագետներին թույլ է տալիս փորձ եւ գիտելիքներ ստանալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներից եւ աշխատել ընկերության իրական լուծումների, ինչպես նաեւ կիբեռանվտանգության գլոբալ նախագծերի վրա։
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ հոկտեմբերի 14-ը:
Ընկերությունում նշել են, որ ստաժավորումը ենթադրում է շաբաթական 20 եւ ավելի ժամ տեւող ճկուն ժամանակացույց, ֆիքսված աշխատավարձ եւ որոշ այլ բոնուսներ, որոնց թվում են սննդի ծախսերի հատուցումը եւ անվճար մարզասրահը։ Ծրագրի արդյունքում աչքի ընկած մասնագետներին կառաջարկեն միանալ թիմին՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաստիքային աշխատակցի կարգավիճակում։
«Արժե նշել, որ SafeBoard ծրագրին մասնակցության հայտերի քանակն ամեն տարի աճում է, իսկ ընտրության ժամանակ մրցակցությունը գնալով ավելի թեժ է դառնում։ Եթե 2015 թվականին մենք ստացել ենք շուրջ 2000 հայտ, ապա անցյալ տարի դրանց քանակը աճել է մինչեւ 4000-ի։ Ընդ որում, մեզ համար SafeBoard-ը ոչ միայն երիտասարդ մասնագետներին գործնական գիտելիքներ եւ փորձ փոխանցելու, այլեւ արդյունքում նրանցից լավագույններին ընկերության անձնակազմ հրավիրելու միջոց է»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի անձնակազմի ընտրության եւ բրենդի զարգացման բաժնի ղեկավար Կիրիլ Շիրյաեւը։
SafeBoard-ի մասնակիցների ընտրությունն իրականացվում է մի քանի փուլով. ուսանողները պետք է անցնեն ուսուցում եւ միայն դրանից հետո՝ ստաժավորում։ Հայտերի գրանցմանը զուգահեռ անցկացվում է առցանց-թեստավորում, որը կազմված է ընդհանուր տեսական թեստից, ինչպես նաեւ ըստ ընտրության որոշակի գիտելիքների եւ հմտությունների ստուգման առաջադրանքից։
Հաջորդ փուլը օֆֆլայն ռեժիմում անցկացվող հաքաթոնն է, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին։ Հինգ ուղղություններով ուսանողների բաշխումը տեղի կունենա հաքաթոնից հետո։