16:44 | 13.09.18 | Նորություններ | 10756
Հայաստանում Beeline-ն իր աշխատակիցների թիմով սեպտեմբերի 15-ին կմասնակցի Համաշխարհային մաքրության օրվան (World Cleanup Day)։
Ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ Beeline-ի թիմը կապահովի Մանկական երկաթուղու տարածքի մաքրությունը։
Միջազգային շարժմանը մասնակցում է 150 երկիր:
«Կանաչ տեխնոլոգիաները մեր աշխատանքում միշտ կարեւոր տեղ են զբաղեցրել եւ մենք ձգտում ենք օգտագործել ժամանակակից բոլոր հնարավորությունները՝ բնության մասին հոգ տանելու համար։ Այսօր մենք որոշել ենք միանալ այս հիանալի շարժմանը եւ մաքրել մի վայր, ուր գալիս են զբոսնելու մեր փոքրիկները, իսկ նրանք միշտ պետք է ապրեն եւ մեծանան մաքուր միջավայրում։ Մենք իսկապես ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մաքուր եւ բարեկեցիկ Հայաստան ունենալու եւ բնապահպանական կարեւոր կանոնները տարածելու գործում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերությունում նշել են, որ մշտապես ուշադրության կենտրոնում են պահում բնապահպանական խնդիրները եւ ձգտում առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։ Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին եւ Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։
Հայաստանում World Cleanup Day-ը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10 հազ. մարդ եւ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ եւ պետական կառույցներ։