13:58 | 12.09.18 | Նորություններ | 11691
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է, որ չի իրականացրել եւ չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, «ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի»:
Ընկերությունում նշել են, որ իրենց բազային կայանները, կոմուտացիոն եւ ծրագրային ապահովման համակարգերը չեն նախատեսում տեխնիկական հնարավորություն` բաժանորդների միջեւ կատարվող զանգերի կամ կարճ հաղորդագրությունների բովանդակության պահմանման, խոսակցությունների գաղտնալսման համար:
«Խոսակցությունների գաղտնալսում կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցով, որոնց մուտք գործելու տեխնիկական հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբեւէ չի ունեցել»,- նշել են ընկերությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում տեղեկացրել են, որ ընկերության ցանցը լիովին պաշտպանված է կոդավորման (encryption) միջազգային ստանդարտներին համապատասխանող հատուկ համակարգով, եւ առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության, ապակոդավորում եւ բաժանորդների միջեւ ընթացող խոսակցության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող:
«Գաղտնալսման մեղադրանքները բացարձակապես անհիմն են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ շարժական կապի օպերատորները իրավունք չունեն գաղտնալսել իրենց բաժանորդների խոսակցությունները, այլեւ այն պարզ պատճառով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար նման գաղտնալսումների իրականացումը ենթադրելու էր հսկայական ծավալների տեղեկատվության պահպանման համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված շարունակական ծախսեր, ինչը բացարձակապես չէր կարող հետապնդել որեւէ առեւտրային նպատակ ընկերության համար եւ ինքնին հանդիսանալու էր չհիմնավորված ծախս»,- տեղեկացրել են ընկերությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավելել են, որ ընկերության տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի բոլոր պահանջներին:
««ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պահպանում է ընկերության՝ ֆիզիկական եւ էլեկտրոնային տեղեկատվական ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունը եւ ամբողջականությունը՝ իր հաճախորդների անհատական տվյալները պաշտպանելու եւ ընկերության հեղինակությունը պահպանելու նպատակով»:
Հիշեցնենք, որ օրերս համացանցում հայտնվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ օգտվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից: