16:03 | 07.08.18 | Նորություններ | 19167
«Ռոստելեկոմ»-ի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Inspired by Her (IBH) Academy նախագիծը:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող նախագծի մեկնարկը տրվել է Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC)։
Ակադեմիան կրթական եւ սկսնակ ձեռներեցությանն աջակցող եռամսյա ինտենսիվ նախագիծ է, որի նպատակն է ընդլայնել նախաձեռնող կանանց շրջանակը եւ նրանց սովորեցնել գաղափարի ծագումից մինչեւ իրագործում շղթայի նրբությունները:
Նախագծի ողջ ընթացքում ուսանողներին դասավանդելու եւ առաջնորդելու են Հայաստանից եւ արտերկրից կայացած մասնագետներ՝ հնարավորություն տալով հանդես գալու սեփական նախաձեռնություններով եւ հետագայում իրենց հաջողություններով դառնալու ոգեշնչման աղբյուր շրջապատող մարդկանց համար։
Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակիցներին առցանց ողջունել է IBH նախագծի ղեկավար Օլգա Կեգորեանը:
Մասնակից երիտասարդներին ուղղված ողջույնի խոսքում «Ռոստելեկոմ» Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Գյուրջինյանը խոսել է երիտասարդների կյանքում նմանօրինակ նախագծերի մասնակցության կարեւորության մասին, իսկ նախագծի հայաստանյան ղեկավար Վեներա Առաքելյանը ներկայացրել է նախագծի շրջանակում մասնակիցների անելիքները:
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից՝
- Առաջին փուլում մասնակիցները փորձառու մասնագետներից ձեռք են բերում տարատեսակ գիտելիքներ ու հմտություններ ամենատարբեր թեմաների շուրջ՝ մարքեթինգ, մենեջմենթ, հաղորդակցության հմտություններ, անձնային աճ, սոցիալական ձեռներեցություն եւ այլն։ Փուլի ավարտին մասնակիցները խմբերի են բաժանվում ընդհանուր գաղափարների շուրջ եւ սկսում աշխատել թիմերով։
- Երկրորդ փուլը մենթորային ծրագիրն է: Մասնակիցները իրենց գաղափարը վերածում են ծրագրի եւ սկսում են իրականացման նախագծումը։
- Երրորդ փուլում ծրագիրը ներկայացվում է ժյուրիին, ինչի արդյունքում ընտրվում են լավագույն ծրագիրը եւ լավագույն մասնակիցը։
Ծրագիրը կեզրափակվի ավարտական երեկույթով՝ միավորելով բոլոր շահառուներին: Լավագույն շրջանավարտը հնարավորություն կստանա մասնակցել միջազգային փոխանակման ծրագրի արտերկրում` 6 շաբաթ ապրելու, սովորելու եւ աշխատանքային փորձ ձեռք բերելու սեփական միջավայրից դուրս։ Փոխանակման ծրագրի համար կտրամադրվի ամբողջական ֆինանսական աջակցություն։
Օգոստոսի 1-ից նախագիծը զուգահեռաբար մեկնարկել է նաեւ Պակիստանում: