16:40 | 31.07.18 | Նորություններ | 20512

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի մրցանակակիր

Beeline Ստարտափ Ինկուբատորի 8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին, որոնցից 4-ն արժանացել է մրցանակի։

Վրանային ճամբարի ձեւաչափով սամմիթն անցկացվել է հուլիսի 22-ից 29-ը եւ ուղղված էր ստարտափների ու ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը:

Սամմիթից առաջ Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտները մենթորների օգնությամբ մշակել էին իրենց ելույթները՝ ներդրողների ու ժյուրիի անդամների առաջ առավել գրավիչ ներկայանալու համար։


Cyber Mantis Games ստարտափի մշակած Սասունցի Դավթի էպոսի էլեմենտներով համակարգչային խաղը ճանաչվել է լավագույն AR/VR ստարտափ եւ ստացել մրցանակ ($1500) Arloopa-ի կողմից։

NooMee-ն աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված բջջային հավելված է, որն օգնում է նրանց  սոցիալական հմտություններ ստանալ եւ ավելի ինքնուրույն  դառնալ։ Այն հաղթել է լավագույն առողջապահական ստարտափ անվանակարգում եւ ստացել $1500 մրցանակ, ինչպես նաեւ զբաղեցրել է սամմիթի 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ ստանալով $2000 Renderforest-ի կողմից։

Cardy-ն ուսանողներին եւ գործարարներին թվային այցեքարտեր ստեղծելու, տարածքում գտնվող մարդկանց digicard-երը տեսնելու եւ նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող բջջային հավելված է, իսկ ForestBerg-ն անտառների մոնիթորինգի համակարգ է եւ թույլ է տալիս խուսափել անտառային հրդեհներից, ապօրինի ծառահատումներից եւ որսից։

Cardy-ն սամմիթի շրջանակում հնարավորություն ստացավ ինկուբացիոն ցիկլի ավարտից հետո 6-ամսյա անվճար աշխատանքային տարածք ունենալ LOFT-ում, իսկ ForestBerg-ը ստացավ այլ ներդրողների հետ հանդիպման հնարավորություն։

«Մեծ պատիվ է մեզ համար, որ մեր ինկուբատորի ստարտափներն այսպիսի հիանալի արդյունքներ ունեցան Սեւան Ստարտափ Սամմիթին։ Դա նշանակում է, որ մեզ իրոք հաջողվել է ընտրել լավագույններին եւ պատշաճ կերպով պատրաստել նրանց՝ ժյուրիի եւ ներդրողների առջեւ ներկայանալու համար։ Սրանից հետո էլ մենք անենք ամեն բան, որ պահպանենք այս բարձր մակարդակը», - նշել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի Beeline-ը որպես միջոցառման գործընկեր եւս ներկայացրել էր հատուկ մրցանակ՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում առանց մրցույթի հաջորդ ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը ստացավ Roads Vision թիմը։