14:34 | 30.07.18 | Նորություններ | 9809
Հուլիսի 22-29-ը կայացած «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի շրջանակում միջազգային մենթորների 26-հոգանոց խումբը խորհրդատվություն է տրամադրել մասնակից ստարտափներին:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օգնությամբ մենթորների խումբը ստարտափների հետ 160-ից ավելի դեմ առ դեմ հանդիպում է ունեցել:
Ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերի խոսքով՝ արդեն երկրորդ տարին են աջակցում համաժողովի կազմակերպմանը:
«Այսպիսով օգնում ենք երիտասարդ ընկերություններին, ներդրողներին, գործընկերներին եւ մենթորներին համախմբվել մեկ վայրում: Այս միջոցառման ընթացքում Սեւանը գլոբալ կենտրոն դարձավ եւ, կարծում եմ, ամենալավը դեռ առջեւում է: Հայկական ստարտափներն իսկապես լավ ապագա ունեն»,- նշել է Եվա Նահերը:
Մենթորների թիմի ղեկավար Չուս Լոզանոն էլ հավելել է, որ մեկ շաբաթվա ընթացքում մասնակից ստարտափներին տրամադրել են գիտելիք եւ կիսվել սեփական փորձով:
«Ստարտափների մեծ մասը սամմիթ է գալիս գաղափարներով եւ կարիք ունի գաղափարը հաստատել եւ վերածել բիզնեսի: Այս ընթացքում խոսել ենք միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունների մասին»,- նշել է նա: