13:45 | 30.07.18 | Նորություններ | 18701
Beeline-ի աջակցությամբ հուլիսի 28-ին ավարտվել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը:
Վերջին մրցութային օրվա ընթացքում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է ժյուրիի աշխատանքին։
«Այսօր ես մասնակցեցի ժյուրիի աշխատանքին եւ շատ ուժեղ թիմեր տեսա՝ Հայաստանից ու արտասահմանից։ Անկասկած, սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը հայկական ստարտափների համար շատ օգտակար կլինի եւ զգալիորեն կբարելավի Հայաստանի ստարտափ էկոհամակարգը։ Հենց դա է մեր նպատակը կորպորատիվ պատասխանատվության տեսակետից եւ հենց դրա համար ենք մենք գործարկել մեր ինկուբատորն ու սատարում ենք այնպիսի միջոցառումների, ինչպիսին է Սեւան Ստարտափ Սամմիթը։ Շատ ուրախ եմ, որ այս սամիթի լավագույն ստարտափներից մեկը որպես պարգեւ կդառնա մեր ինկուբատորի ռեզիդենտը»,- նշել է Անդրեյ Պյատախինը։
Այս տարի Beeline-ը ներկայացրել էր հատուկ մրցանակ հաղթող թիմերից մեկի համար՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը պարգեւատրման արարողության ժամանակ հանձնվեց Roads Vision թիմին։
Համաժողովի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է $50 հազ., իսկ $100 հազ. ներդրումային ֆոնդով աքսելերացիոն ծրագրի հաղթող ստարտափների անունները կհայտարարվեն շուտով։
«Սեւան Ստարտափ Սամմիթ 2018-ը կարող ենք համարել հաջողված նախագիծ, քանի որ վերջապես մեզ հաջողվեց միավորել աշխարհի զարգացած ստարտափ էկոհամակարգեր ունեցող երկրների ներկայացուցիչների։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, ովքեր նպաստեցին նախագծի իրականացմանը։ Beeline-ն արդեն երկրորդ տարին է, որ մեզ հետ է եւ վստահ ենք, որ համագործակցությունը կշարունակվի»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։
Beeline-ն արդեն երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի գլխավոր գործընկեր։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։
Վրանային ճամբարի ձեւաչափով միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափները հնարավորություն են ստացել մասնակցել դասախոսությունների, ոչ ֆորմալ պայմաններում շփվել հայտնի ձեռներեցների եւ մասնագետների հետ, հանդիպել ներդրողների եւ ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից եւ ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ։