09:09 | 30.07.18 | Նորություններ | 5437

Հաջորդ տարվանից «Սեւան ստարտափ սամմիթ»-ը ՀՀ նախագահի մրցանակ կունենա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը:

Դիմելով երիտասարդներին՝ Արմեն Սարգսյանն ասել է.

«Երազեք համարձակ։ Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ եւ մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»։

Նախագահը ողջունել է «Սեւան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպումը եւ մաղթել, որ այն համաշխարհային նշանակություն ձեռք բերի՝ Հայաստանում համախմբելով նորարարական տեխնոլոգիաներով ու գաղափարներով հետաքրքրվողներին՝ ամբողջ աշխարհից։ Նախագահը հայտարարել է, որ ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա եւս մեկ՝ ՀՀ նախագահի մրցանակ, ինչպես նաեւ հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։