14:28 | 24.02.16 | Հոդվածներ | exclusive 15021
Հրաչիկ եւ Թաթուլ Աջամյանների ստեղծած Wakie մոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս արթնացնել անծանոթին, փոխել է հայեցակարգը (կոնցեպտ):
Հավելվածն այսուհետ հնարավորություն կտա ընտրել ցանկացած թեմա եւ առավելագույնը 7 վայրկյանում կապ հաստատել աշխարհի ցանկացած կետում գտնվող մեկի հետ, որն այդ թեմայի շուրջ կարող է ձեզ հետ խոսել:
Itel.am-ի հետ զրույցում Հրաչիկ Աջամյանը պատմել է, որ ծառայությունը հասանելի է 184 լեզվով, այդ թվում՝ հայերեն:
«Այս պահին Wakie-ում շատ հայեր չկան, սակայն «կարգավորումներ» բաժնից հնարավոր է այնպես անել, որ կապ հաստատեք հենց հայերեն խոսողների հետ»,- նշել է Հրաչիկ Աջամյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք որեւէ խնդիր ունեն կամ ցանկանում են կիսվել, օրինակ, էմոցիաներով, կարող են Wakie-ի միջոցով անանուն կերպով վայրկյանների ընթացքում օգնություն ստանալ մարդկանցից, որոնք անտարբեր չեն եւ պատրաստ են կիսվել իրենց փորձով:
Հրաչիկ Աջամյանն ընդգծել է, որ եթե Wakie-ով մեկ տարի առաջ շաբաթական շուրջ 10 հազ. զանգ էր իրականացվում, ապա այսօր այդ թիվը 1 մլն է: Wakie-ից օգտվողների միջին տարիքը 26-ն է:
«Երբ հայտնվեց Google-ը, պարզ դարձավ, որ անհրաժեշտություն չկա ինչ-որ բան որոնել սենյակում կամ մոտակա գրադարանում: Աշխարհը շատ մեծ է լավ պատասխանների համար: Կարելի է ասել, Wakie-ն խորհրդատվության հարցում կատարում է նույն գործառույթը, ինչ Google-ը` տեղեկատվական որոնումների դեպքում»,- ընդգծել է նա:
Վերջին շրջանում ընկերությունը տարբեր ներդրողներից եւ բիզնես հրեշտակներից ներգրավել է $1 մլն: Մինչ օրս ընկերության ստացած ներդրումները կազմում են $4.5 մլն: Վերջին նորություններից է նաեւ այն, որ Wakie-ն ներառվել է Y Combinator-ում:
Wakie-ն հասանելի է iOS, Android, Windows Phone համակարգերով աշխատող մոբայլ սարքերի համար:
Նարինե Դանեղյան