12:52 | 23.02.16 | Հոդվածներ | exclusive 3127
Paroonak նախագիծը, որը մշակվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից, մշակում եւ թվայնացնում է հայ կոմպոզիտորների եւ երգահանների գործերը՝ դրանք վերածելով ռինգթոնների:
Itel.am-ի հետ զրույցում Paroonak նախագծի համակարգող Արփինե Ամիրյանը նշել է, որ ծրագիրը մեկնարկել է անցած տարվա վերջին եւ նախատեսված է եղել Armtab եւ ArmPhone սարքավորումների համար:
Paroonak-ի շրջանակում արդեն իսկ ներկայացվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Նիկողայոս Տիգրանյանի, Ստեփան Էլմասի մի շարք ստեղծագործություններ: Դրանք կարելի է ներբեռնել iTunes-ից եւ Google Play-ից:
«Այս տարի շարունակելու ենք անդրադառնալ մեր դասականներին, ինչպես նաեւ ժամանակակից անվանի հայ կոմպոզիտորներին: Ընկերությունը, ապրիլի 24-ին ընդառաջ, նախատեսում է համագործակցություն երգահան Արա Գեւորգյանի հետ, իսկ հետագայում կանդրադառնա նաեւ Արամ Խաչատրյանի, Արտեմի Այվազյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Տիգրան Մանսուրյանի եւ այլոց ստեղծագործություններին»,- նշել է Արփինե Ամիրյանը:
Նրա խոսքով՝ ներկայում թվային երաժշտության արտադրությունն աշխարհում բավական զարգացած է։
«Ցավոք, Հայաստանում այս ոլորտի առաջխաղացում դեռ չի գրանցվել՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Ուստի, Paroonak-ի նման նախագծերը խթանում են ոլորտի զարգացումը»,- եզրափակել է Արփինե Ամիրյանը:
Նարինե Դանեղյան