11:25 | 29.01.16 | Հոդվածներ | exclusive 8728

Velopark հավելվածը կօգնի հեծանվորդներին

Velopark հայկական մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս քարտեզի վրա գտնել հեծանվորդին ամենամոտ հեծանվային կայանատեղիները, սպասարկման եւ վարձակալության կետերը, խանութները՝ ներկայացնելով մանրամասն տեղեկատվություն՝ նկար, հասցե եւ կոորդինատներ:

Օրեր առաջ գործարկված հավելվածն անվճար է եւ հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:

Velopark-ը մշակվել է «Ափարգ» ընկերության 5-հոգանոց թիմի կողմից, որի համահիմնադիրներն են Արսեն Փյուսկյուլյանը եւ Արշակ Ալեքսանյանը:

Itel.am-ին Արսեն Փյուսկյուլյանը պատմել է, որ Velopark-ը կհետաքրքրի բոլոր հեծանվասերներին եւ առողջ ապրելակերպ նախընտրողներին: Այս պահին հավելվածում ներկայացված է ավելի քան 110 կետ:

«Առանձին թիրախ են նաեւ սկսնակ հեծանվորդները, որոնք հավելվածի միջոցով կարող են գտնել խանութներ, որտեղից եւ ձեռք կբերեն իրենց առաջին հեծանիվը կամ պարզապես հեծանիվ կվարձակալեն իրենց հարմար վայրից: Թիրախում են նաեւ զբոսաշրջիկները, որոնք հավելվածի միջոցով կարող են արագ ու մատչելի տեղեկատվություն ստանալ հեծանիվների վարձակալության կետերի եւ կայանատեղիների մասին»,- ասել է նա:


Velopark-ի թիմը

Արսեն Փյուսկյուլյանը կարեւորել է այն, որ հավելվածը սոցիալական բնույթի է:

«Հեծանվորդները հենց իրենք կարող են ավելացնել ցանկացած տիպի կետ՝ կայանատեղի, խանութ կամ այլ: Սպամից խուսափելու համար ստեղծված է քվեարկության համակարգ: Հավելվածի օգտագործողների մի որոշ զանգված պետք է դրական քվեարկի նոր ավելացված կետի համար, եւ միայն դրանից հետո այն կհայտնվի ընդհանուր քարտեզի վրա»,- նշել է նա:

Velopark-ի համահիմնադիրն ընդգծել է, որ հավելվածը չի կենտրոնանում միայն Երեւանի վրա: Ունեն տվյալներ նաեւ Հայաստանի այլ մարզերից, որոնք առաջիկայում համալրվելու են:

Անդրադառնալով հավելվածի ստեղծման գաղափարին՝ Արսեն Փյուսկյուլյանը նշել է, որ նպատակը եղել է առողջ ապրելակերպի եւ հեծանվային մշակույթի զարգացման գործում Հայաստանում ներդրում ունենալը:

«Չնայած որ հավելվածը դուրս եկավ հեծանիվ քշելու համար ոչ այդքան հարմար եղանակային պայմաններում՝ մենք ունենք ներբեռնումների եւ օգտագործողների ոգեշնչող քանակ: Մեզ ուրախացնում է նաեւ այն, որ գտնվել են ժամանցի վայրեր, որոնք ցանկություն են հայտնել միանալ «կանաչ երթեւեկությանը»՝ փակցնելով Velopark-ի լոգոտիպերն իրենց մոտ»,- եզրափակել է Արսեն Փյուսկյուլյանը: 

Նարինե Դանեղյան