10:25 | 18.11.15 | Հոդվածներ | exclusive 5209

Dronify. Հայկական նոր խաղը կօգնի փրկել տիեզերքը

Հայ ծրագրավորողների մշակած Dronify ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղն արդեն հասանելի է Google Play-ում:

Խաղը մշակել է Altacode ընկերության մոբայլ թիմը:

Itel.am-ի հետ զրույցում թիմի ղեկավար Արմեն Սանասարյանը պատմում է, որ խաղի առաքելությունն է դրոնների օգնությամբ փրկել մոլորակները թշնամիներից՝ դրանք ոչնչացնելու միջոցով:

«Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն եւ դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ եւ այլ հետաքրքիր գործիքներ, ավելի հզոր  եւ փորձառու դառնալու նպատակով: Սա կօգնի դիմակայել աստիճանաբար հզորացող թշնամուն»,- նշում է նա:

Dronify-ի թիմում աշխատում է 10 հոգի՝ Android և iOS ծրագրավորողներ, դիզայներներ, թեստավորողներ եւ այլք:

Արմեն Սանասարյանն ընդգծում է, որ Dronify-ը չի կրկնօրինակում որեւէ այլ խաղի: Նրա խոսքով՝ խաղն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում:

«Երբ այս տարվա Դիջիթեքի շրջանակում ներկայացրինք խաղի ալֆա-տարբերակը, այն բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների մոտ: Մենք առաջարկում էինք ոչ միայն խաղալ, այլեւ ներգրավվել թեստինգի պրոցեսում, փորձարկել խաղը՝  հայտնելով կարծիքներ ու առաջարկություններ հետագա բարեփոխումների համար: Արդյունքում ունեցանք մի քանի հարյուր գրանցվող, ինչի համար շատ շնորհակալ ենք: Այդ փուլում դա շատ կարեւոր էր մեզ համար»,- ասում է նա:

Խոսելով աջակիցների մասին՝ Dronify-ի թիմի ղեկավարն ընդգծում է, որ մինչ օրս խաղն իրականացվում է Altacode ընկերության ներքին ներդրումային ծրագրի շրջանակում: Սակայն, Արմեն Սանասարյանի խոսքով, սկսել են կապ հաստատել եւ բանակցել մի շարք միջազգային հրատարակիչների (publisher) հետ:

Արմեն Սանասարյանի խոսքով` թիմն արդեն աշխատում է խաղի նոր տարբերակի վրա, որը կներկայացվի 1 ամսից:

«Այստեղ հաշվի են առնվելու մոբայլ ինտերֆեյսի առանձնահատկությունները, որոնք կօգնեն խաղն էլ ավելի հարմար եւ հեշտ դարձնել օգտատերերի համար: Նախատեսում ենք նաեւ աշխատանքներ տանել գրաֆիկայի եւ ձայնային էֆեկտների ուղղությամբ»,- եզրափակել է նա:

Նշենք, որ պատրաստ է նաեւ Dronify-ի iOS տարբերակը: Այն կգործարկվի մոտ ապագայում:

Նարինե Դանեղյան