Ելենա Դոնեթսը
09:55 | 13.11.15 | Հարցազրույցներ | exclusive 11046
Այսօր Դիլիջանում մեկնարկում է «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրով Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը:
Ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, գլխավոր հովանավորը՝ BetConstruct ընկերությունը:
Հիմնական խոսնակների թվում է Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը: Վերջինս նաեւ Իսրայելի StarTau համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:
Նա կորպորատիվ ընկերություններին խորհրդատվություն է տրամադրում ինովացիոն կենտրոնների ստեղծման եւ աքսելերացիոն ծրագրերի ներդրման վերաբերյալ:
Մինչ ֆորումի մեկնարկը Itel.am-ը զրուցել է Ելենա Դոնեթսի հետ:
- Տիկին Դոնեթս, մինչ Երեւան ժամանելը ի՞նչ տեղեկություններ ունեիք Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին: Ո՞ր հայկական ստարտափները կառանձնացնեիք:
- Հայաստանում գործում է «Մայքրոսոֆթի» կենտրոնը, որն աջակցություն է տրամադրում ստարտափներին եւ ձեռնարկատերերին: Intel-ը եւս այստեղ զարգացման կենտրոն ունի, ինչը նպաստում է էկոհամակարգի զարգացմանը եւ ուղղորդում դեպի նորարարություն:
Հայտնի ստարտափներից կարող եմ նշել իհարկե Reddit-ը: Վերջինս ապացույցն է այն բանի, որ ճիշտ մոտեցման դեպքում հիանալի բաներ կարող են սկսվել Հայաստանից (Reddit-ը ամերիկյան հարթակ է, որի համահիմնադիրը Ալեքսիս Օհանյանն է – խմբ.):
-Լինելով Իսրայելի ամենահայտնի ձեռնարկատերերից մեկը՝ հայկական ստարտափների կողմից երբեւէ հետաքրքրություն նկատե՞լ եք իսրայելական շուկայի նկատմամբ:
-Կարծում եմ, դեռ նոր պետք է լսեմ Հայաստանից Իսրայելի նկատմամբ հետաքրքրության մասին, սակայն տարածաշրջանում շատ երկրներ, ինչպես Վրաստանը եւ Ադրբեջանը, սկսում են հետաքրքրվել իսրայելական նորարարություններով, նույնը կարող է անել նաեւ Հայաստանը:
- Նշանակում է, նաեւ խորհուրդ տալիս եք հայերին մտնել իսրայելական շուկա: Այդպե՞ս է:
-Այո: Իսրայելը շատ գիտելիք ունի հատկապես այն ոլորտներում, որտեղ էլ ոչ ոք չունի՝ գյուղատնտեսություն, կիբեր անվտանգություն: Մենք սիրում ենք արտահանել մեր գիտելիքը: Իսրայելցիները կարող են մենթորներ, բիզնես գործընկերներ լինել եւ որոշ դեպքերում՝ նույնիսկ ներդրողներ:
- Ձեր կարծիքով, Հայաստանը ներուժ ունի՞ դառնալու տարածաշրջանային տեխնո կենտրոն, եւ ի՞նչ է պետք դրա համար:
- Այո, ունի: Արդեն իսկ երկու խոշոր անուն՝ Intel-ը եւ Microsoft-ը գործում են շուկայում: Հայաստանը տեխնո կենտրոն դառնալու ճանապարհին է: Այն, ինչ պետք է անել, ներքեւից վերեւ գնալն է՝ ստեղծելով որքան հնարավոր է շատ հնարավորություններ՝երիտասարդների եւ ուսանողների շրջանում ձեռնարկատիրությունը խրախուսելու նպատակով:
- Ձեր երեք գլխավոր խորհուրդները հայկական ստարտափներին:
- Ամենասկզբից գլոբալ մտածեք՝ ուղղորդելով ձեր պրոդուկտը համաշխարհային շուկաներ: Մի վախեցեք ձախողումից՝ դա ավելի մեծ հաջողություններ կբերի: Եվ վերջում՝ խորհուրդներ եւ օգնություն ստացեք բոլոր հնարավոր աղբյուրներից:
Ելենա Դոնեթսի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը