14:16 | 06.10.15 | Հարցազրույցներ | exclusive 7410

Ներսես Օհանյան. Հայկական ստարտափները սովորել են ճիշտ ներկայանալ ներդրողներին

Հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Երեւանում անցկացվում է #createTogether («Ստեղծենք միասին») տեխնոլոգիական միջոցառումը, որն իր շուրջն է համախմբել նորարարների, ստարտափների, ձեռնարկատերերի, ներդրողների:

Itel.am-ը միջոցառման, հայկական ստարտափ էկոհամակարգի միտումների, ինչպես նաեւ ԱՄՆ-ում նախատեսվող HyeTech տեխնոլոգիական միջոցառման մասին զրուցել է #createTogether-ի կազմակերպիչներից ամերիկաբնակ ձեռնարկատեր Ներսես Օհանյանի հետ:

-Հատկապես ո՞ւմ համար է կազմակերպված #createTogether-ը եւ ի՞նչ խնդիրներ է լուծում:

-#createTogether-ը կազմակերպելիս նպատակ ունեինք աշխարհի տարբեր ծայրերից հավաքել հայ եւ ոչ հայ ձեռնարկատերերի եւ նրանց համար Հայաստան գալու պատրվակ ստեղծել: Ընտրեցինք հոկտեմբերը, քանի որ այս օրերին են անցկացվում ԴիջիԹեք էքսպոն, Երեւանի կիսամարաթոնը, ԱրմԹեք համաժողովը:

Հոկտեմբերի 2-ից սկսած տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում: Հաճելի է տեսնել, որ մարդիկ իրենց ազատ են զգում, հարցեր տալիս եւ ստանում պատասխաններ:

Հիմնականում ներկա են մարդիկ, որոնք հետաքրքրված են հաջողակ ձեռնարկատերերի աշխատանքով եւ ցանկանում են տեղեկանալ, թե ինչպես են նրանք հասել հաջողության, ինչ դժվարություններ են հաղթահարել:

-Իսկ որքանո՞վ են ակտիվ ստարտափները:

- Ստարտափների եւ մասնակիցների թիվը սպասվածից ավելի քիչ էր, սակայն լսարանը որքան փոքր է, այնքան ավելի մտերիմ է եւ ջերմ:

- Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ զարգացումներ կան հայաստանյան ՏՏ ոլորտում:

- Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հետ աշխատանքի բերումով առաջին անգամ առնչվեցի մոտ երեք տարի առաջ:

Այն ընկերությունները, որոնք այսօր բավական հաջողություններ են գրանցել, այն ժամանակ դեռ առաջին քայլերն էին անում: Նրանց մի մասի հետ բավական աշխատանք ենք տարել, տեսել ենք, թե ինչպես են օրինակ PicsArt-ը, Plexonic-ը եւ մյուսներն աճում, եւ դառնում այն, ինչ այսօր են:

Երեք տարի առաջ ստարտափները դեռ չէին կարողանում իրենց գաղափարները ճիշտ ձեւով ներկայացնել հնարավոր ներդրողներին եւ հաճախորդներին: Չէին կարողանում խոսել այն մասին, թե ինչ խնդիր է լուծում ստարտափը եւ ինչ ներուժ ունի: Այժմ այդ խնդիրը լուծվել է: Տեսնում ենք ընկերությունների, որոնք գալիս են եւ իրենց խնդիրների ու տեսլականի մասին պատմում են ներդրողներին եւ հաճախորդներին: Այս առումով դրական փոփոխություն կա:

Անգլերենի մակարդակն է նաեւ նկատելիորեն բարելավվել: Նույն մարդիկ, որոնք 3 տարի առաջ դժվարությամբ էին իրենց ստարտափն անգլերենով ներկայացնում, այսօր իրենց վրա աշխատելով բարելավել են լեզվական հմտությունները: Շատ հաճելի է դա տեսնել:

-Պատմեք խնդրեմ Սիլիկոնյան հովտում առաջիկայում նախատեսվող տեխնոլոգիական միջոցառման մասին:

- Արդեն երեք տարի է, ինչ գործում է HyeTech տեխնոլոգիական նախաձեռնությունը: Դրա շրջանակում կապեր են ստեղծվում աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ ձեռնարկատերերի, ստարտափների եւ ոլորտի այլ ներկայացուցիչների միջեւ: Արտասահմանից փորձագետների ենք բերում Հայաստան, ծանոթացնում էկոհամակարգին եւ այստեղից մի քանի շաբաթով հայերի հրավիրում Սիլիկոնյան հովիտ, որտեղ նրանք հանդիպումներ են ունենում տարբեր ընկերություններում եւ գաղափար կազմում ամերիկյան ստարտափ էկոհամակարգի մասին:

Երկու ամսից ԱՄՆ-ում՝ Բերքլիում, կազմակերպելու ենք Hyetech Showcase-ը, որին հրավիրված են նաեւ ձեռնարկատերեր, ստարտափներ Հայաստանից եւ այլ երկրներից: Ներկա են լինելու նաեւ այլազգի ներդրողներ, ընկերությունների ղեկավարներ:

-Արդեն ընտրե՞լ եք այն ստարտափները, որոնք մասնակցելու են Հայաստանից:

-Դեռ ոչ: Այս շաբաթ արդեն կսկսենք հայտեր ընդունել, որից հետո վերջնական ընտրություն կկատարենք:

Ներսես Օհանյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը