16:41 | 16.07.18 | Նորություններ | 16830

«Ռոստելեկոմ»-ը եւ «Այբ» դպրոցը ամփոփել են «Բարեւ ապագայից» միջոցառումների շարքը

«Այբ» դպրոցի սաների նախաձեռնած եւ «Ռոստելեկոմ» Հայաստանի հետ համատեղ իրականացվող «Բարեւ ապագայից» նախագիծը Հանրապետության հրապարակի հարակից այգում ներկայացրեց ապագայի տեխնոլոգիաները, դրանց կիրառությունն ու հնարավորությունները։

Միջոցառումը նպատակ ուներ դպրոցի սաների օգնությամբ երեխաներին եւ մեծահասակներին ներկայացնելու արհեստական բանականության կիրառությունն արվեստում։

Տարածքը բաժանված էր առանձին տաղավարների եւ յուրաքանչյուր հատվածում արհեստական բանականության կիրառության մասին տարաբնույթ տեղեկատվություն էր ներկայացված։

Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունեցին «Ռոստելեկոմ» Հայաստանի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Վասիլի Ռուսակովը եւ «Այբ» դպրոցի փոխտնօրեն Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը:

«Արհեստական բանականությունը հանդիսանում է ոչ միայն դպրոցահասակներին, այլ նաեւ մեծահասակներին հետաքրքրող տեխնո նորույթներից, որը շարունակ զարգացում է ապրում՝ մուտք գործելով մեր առօրյա։ «Ռոստելեկոմ»-ի կողմից շատ կարեւորվում են նախագծերը, որոնք հանրությանը իրազեկում են ու ծանոթացնում նորագույն տեխնոլոգիական լուծումների հետ՝ հնարավորություն տալով տեսնելու դրանք կիրառության մեջ։ Ուրախալի է այն փաստը, որ Հայաստանում արդեն իսկ կա դպրոց՝ «Այբ» դպրոցը, ուր ոչ միայն դասավանդում եւ սովորեցնում են տեխնոլոգիաներ, այլ երեխաներին հնարավորություն է ընձեռված կիրառելու այդ գիտելիքները, հասկանալու աշխատանքի մեխանիզմն ու սեփական փորձով կիսվելու հասակակիցների ու հանրության հետ»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի կոմերցիոն տնօրեն Վալերի Ռուսակովը։

«Ուրախ եմ եւ հպարտ, որ մեր դպրոցի սաներն իրենց ղեկավարի հետ կարողացել են կյանքի կոչել նման բարդության նախագիծ։ Բացի այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռոստելեկոմին» երեխաներին աջակցելու, նրանց կողքին կանգնելու եւ այս նախագիծը հովանավորելու համար: Առանձ ձեզ, առանց մեր բարերարների ու աջակիցների, նման նախագծեր իրականացնելն անհնար կլիներ»,- ասել է Սիլվիա Յակուբյան-Նաջարյանը։

Ցուցահանդեսին զուգահեռ ոլորտի առաջատար մասնագետները՝ «Այբ» դպրոցի «Տեխնոշարժ» ակումբի ղեկավար Վազգեն Հակոբջանյանը, ՀԱՀ-ի դասախոս, տվյալագիտության բաժնի համահիմնադիր Արթուր Խալաթյանը, HiLearn-ի հիմնադիր եւ տնօրեն, ՀԱՀ-ի դասախոս Արսեն Մամիկոնյանը եւ ՀԱՀ-ի դասախոս, Datamotus ընկերության տնօրեն Հաբեթ Մադոյանը ներկայացրին տեխնոլոգիաների զարգացման իրենց տեսլականը:

Հիշեցնենք, որ նախագիծը մեկնարկել էր դեռ մայիս ամսին, երբ «Ռոստելեկոմի» հետ համատեղ «Այբ» դպրոցում անցկացվեց կլոր-սեղան քննարկում, որն ուղեկցվեց նաեւ արհեստական բանականության կողմից մշակված պատկերների ցուցադրությամբ։