09:32 | 02.07.18 | Նորություններ | 7931
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի հիմնական նոր կայան է տեղադրել Դահնակ լեռան վրա՝ բջջային կապ ու ինտերնետ հասանելիություն ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում:
Նախագիծն իրականացվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հետ գործակցության արդյունքում:
Հիմնական կայանը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ դարձնել արագ արձագանքումն արտակարգ իրավիճակների, մասնավորապես՝ հրդեհների դեպքում, ինչպես նաեւ տեղադրել նոր սերնդի IP եւ GPS տեսախցիկներ՝ տարածքի առցանց մշտադիտարկման նպատակով: Մշտադիտարկումը թույլ կտա հետեւել կենդանատեսակների շարժին, ինչպես նաեւ կծառայի նրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմանը՝ նպաստելով արգելոցում իրականացվող գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Իրական ժամանակում տեղեկություններ փոխանցելուց բացի, հիմնական կայանը նաեւ հնարավորություն կընձեռի անտառապահներին օգտվելու բջջային կապից, ինչը չափազանց կարեւոր է այս բարձր լեռնային գոտում:
Ծովի մակարդակից ավելի քան 2500մ բարձրության վրա գտնվող հիմնական կայանը սնուցվում է բացառապես արեւային էներգիայով: Տեղանքի ռելիեֆի բարդության ու էլեկտրամատակարարման համակարգից հեռու գտնվելու պատճառով՝ էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրից էլեկտրական գծերի կառուցումը կլիներ բարդ ու ոչ արդյունավետ: Առհասարակ՝ նման բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է շինարարական աշխատանքներ իրականացնելը: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը:
Դահնակի լեռները հարմար են արեւային էներգիա ստանալու համար: Կայանը սնուցող արեւային վահանակները հնարավորություն կտան ստանալ միջինում 3 Կվտ/Ժ էներգիա: Վահանակների հետ մեկտեղ նաեւ տեղադրված են կուտակիչ մարտկոցներ, որոնք ապահովելու են բջջային կայանի անխափան էլեկտրասնուցումը գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, իբրեւ պահեստային տարբերակ՝ երկարատեւ ամպամածության կամ առատ տեղումների դեպքում բջջային կապի ու ինտերնետի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաեւ ավտոմատ կերպով կգործարկվի դիզելային գեներատոր:
Դահնակի բարձունքի վրա կառուցված բջջային հիմնական նոր կայանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը, որոնք հետեւում են ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին: Լեռներում տեղադրված հիմնական կայանն ու շրջակա բնությունն ուղիղ եթերի միջոցով նրանց ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Facebook Live («Ֆեյսբուք լայվ») համակարգի միջոցով:
«Դահնակի այս դժվարամատչելի բարձունքի վրա արեւային էներգիայով սնուցվող հիմնական կայանի կառուցումը մի քանի նպատակ է հետապնդում: Հնարավորություն է ստեղծվում լայն շառավիղով ապահովել ձայնային ծառայություններ եւ ինտերնետ հասանելիություն, ինչը չափազանց կարեւոր է անտառապահների միջեւ արդյունավետ կապի ապահովման եւ մշտադիտարկման սարքերի միջոցով տեղեկատվության առցանց փոխանակման համար: Վերականգնվող էներգիայի օգտագործումը կայանների շահագործման ոլորտում, ու նաեւ՝ ընկերության ծրագրերի շահառուների կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարեւոր առաքելություններից մեկն է: Չբնակեցված, դժվարամատչելի լեռնային գոտիներում հիմնական կայանների տեղադրումն ունի բացառապես բնության պահպանման գործում բնապահպաններին ու նաեւ էկոտուրիզմին աջակցելու նպատակ, եւ պայմանավորված չէ ներդրումների վերադարձելիության գործոնով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կայանի գործարկումը մի քանի խնդիր է լուծում, որոնցից ամենակարեւորը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Դահնակ լեռան եւ հարակից հատվածներում վայրի կենդանիների ավելի արդյունավետ մոնիտորինգի իրականացման հնարավորությունն է։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում էլ արտակարգ իրավիճակների՝ հրդեհների դեպքում կերաշխավորի արագ արձագանքում։ Տարածքում ինտերնետ եւ բջջային կապի հասանելիությունն էապես կօգնի գործարկել կենդանատեսակների տվյալների հավաքագրման արբանյակային եւ GPS նորագույն սարքեր։ Կայանի բնապահպանական բաղադրիչը՝ արեւային վահանակները, բնապահպանական մշակույթի եւ մտածելակերպի տարածման կարեւոր խթան են, որ FPWC-ին դրել է իր առաջ հիմնադրման օրվանից։ Արեւային վահանակների տրամադրումը FPWC հիմնադրամի կողմից բնապահպանական խնդիրներին միասնական լուծում տալու հասարակական կառույց-մասնավոր կառույց գործակցության հաջողված նախադեպ է»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում եւ ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այն ապահովում է կենդանատեսակների համար միգրացիոն միջանցք` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ծառայելով որպես բուֆերային գոտի, ուր մեծապես ավելացել է մի շարք կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի գլխաքանակը:
Դահնակում տեղադրված հիմնական կայանն այս տարածքում տեղադրված առաջին կայանը չէ: Դեռեւս 2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայան էր տեղադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրերից մեկում, ինչի շնորհիվ կենսաբազմազանության ապաստարանի տարածքում եւ հարակից գոտիներում մինչ օրս գործում է լայնաշերտ ինտերնետ եւ բջջային կապ: Ապաստարանում արդեն իսկ գործում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկներ՝ առցանց կապ ապահովելով Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հետ: