12:22 | 13.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 74577
Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:
Գաղափարի փուլում գտնվող IoCars (Internet of Cars) ստարտափը ներկայացնում է ավտոմեքենաների համար նախատեսված սարք, որը հնարավորություն է տալիս համակարգչի կամ մոբայլ հեռախոսի միջոցով կառավարել մեքենայի որոշ գործառույթներ:
«Օրինակ, համակարգը կարող է հեռակա գործի դնել շարժիչը, միացնել հովացման համակարգը: Ինտերնետի բացակայության դեպքում բոլոր գործառույթներից կարելի է օգտվել SMS հաղորդագրությունների կամ Bluetooth-ի միջոցով՝ եթե մեքենան գտնվում է ոչ հեռու: Տարեկան բաժանորդագրություն գնելիս կարելի է նաեւ իրական ժամանակում տեսնել մեքենայի դիրքը քարտեզի վրա»,- պատմել են ստարտափում:
Ստարտափի 3-հոգանոց թիմը նշել է, որ շուկայում առկա հակաառեւանգման համակարգերի մեծ մասն օգտագործում է ոչ ապահով հեռակառավարման վահանակներ, որի հետեւանքով երրորդ անձիք կարող են առանց ձեր իմացության բացել մեքենայի դռները, մինչդեռ IoCars-ն օգտագործում է NFC տեխնոլոգիան, որն ավելի ապահով է եւ հնարավոր չէ «ջարդել» հեռակա կարգով:
«Բացի այդ, IoCars-ն ավտովթարների դեպքում SMS է ուղարկում հարազատներին մեքենայի գտնվելու վայրի մասին, ինչպես նաեւ զանգահարում շտապ օգնություն, արտակարգ իրավիճակների նախարարություն»,- ընդգծել են ստարտափում:
IoCars-ը ծրագրում է զարգացնել պրոդուկտը՝ միջազգային շուկաներ մուտք գործելու համար:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան