11:13 | 08.06.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 62385
Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:
Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:
ForgeFiction-ը բլոկչեյնի վրա հիմնված հարթակ է, որը գտնվում է գաղափարի փուլում: Այն հնարավորություն է տալիս տարբեր մարդկանց համատեղ ստեղծել գրքեր (պատմվածքներ եւ նովելներ), կոմիքսներ, ճեպանկարներ, նկարներ:
ForgeFiction-ի հիմնադիրներն են Հրաչ Տոնեյանը, Գայանե Գասպարյանը, Կարեն Շահնազարյանը եւ Արեգ Վարդանյանը
Itel.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ հարթակը միավորում է ֆանտաստիկայի սիրահարներին, գրքամոլներին:
Հարթակի օգտատերերը հնարավորություն կստանան համատեղ կառուցել դեպքերի ժամանակագրությունը, ստեղծել կերպարներ եւ զարգացնել դրանք հարթակի մյուս մասնակիցների օգնությամբ:
«Երբ «աշխարհներ»-ն արդեն ստեղծված են, հարթակի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել նոր պատմություն, որը տեղի կունենա տվյալ աշխարհում եւ հետագայում գլուխ առ գլուխ կմշակվի: Մասնակից հեղինակներից յուրաքանչյուրը տալիս է առաջին գլխի իր տարբերակը, եւ մյուս անդամները կարող են քվեարկել իրենց կողմից ամենաշատ հավանություն ստացած տարբերակի օգտին: Ամենաշատ ձայն հավաքած գլուխը դառնում է վերջնական պատմվածքի մի մասը, եւ հաջորդ գլուխներն անցնում են նույն ընթացքով՝ մինչեւ գիրքը չավարտվի»,- պարզաբանել են ForgeFiction-ի հեղինակները:
Գիրքն ավարտվելուց հետո այն կմոնետիզացվի:
Ինչ վերաբերում է հարթակում բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառմանը, ապա այն, հարթակի հեղինակների խոսքով, թույլ կտա արդյունավետ բաշխել վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաեւ պահել հեղինակային իրավունքները։
Դիմելով Armenia Startup Academy-ի ապագա մասնակիցներին՝ ForgeFiction-ի թիմը խորհուրդ է տալիս ծրագրի ամբողջ ընթացքում անդադար աշխատել ստարտափի զարգացման ուղղությամբ։
Առաջիկա տարում ստարտափը մտադիր է ֆինանսավորում ստանալ եւ գործարկել նախագիծը:
Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:
Նարինե Դանեղյան