Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:

LuMan-ը հավելվածով աշխատող ուսուցանող խաղալիք է 3-6 տարեկան երեխաների համար։ Հավելվածը ակտիվացվում է մայրիկի կողմից, հեռախոսը դրվում է խաղալիքի մեջ եւ LuMan-ի անիմացիոն կերպարը սկսում է շփվել երեխայի հետ։

Ստարտափի համահիմնադիրներն են Վահե Բաբասյանը, Լաուրա Օրլովան, Անահիտ Կեսոյանը եւ Վիկտորիա Խեչումյանը:

«Բանալի» ընտանիքի կենտրոնը, «Զեյթուն» մանկական զարգացման կենտրոնը եւ «Տատա» մանկական կենտրոնն աջակցում են ստարտափին՝ պրոդուկտը երեխաների պահանջներին հարմարեցնելու հարցում։

LuMan-ում Itel.am-ին հայտնել են, որ հավելվածում ներառված են շրջակա միջավայրի խնամքի, դրա պահպանության հարցում երեխայի դերի, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի եւ առողջ սովորությունների ձեւավորման վերաբերյալ հատուկ դասընթացներ։

photo © Armenian Startup Academy

Հավելվածը կառավարվում է ծնողների կողմից, ունի ժամանակի սահմանափակման, երեխայի առաջընթացի գրանցման եւ հաջողությունների վերահսկման գործառույթ։ Բացի այդ, հավելվածն ունի խաղային էլեմենտներ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում շփումը LuMan-ի հետ։ Փափուկ խաղալիքը կարող է օգտագործվել նաեւ որպես պայուսակ։

Դիմելով Armenia Startup Academy-ի ապագա մասնակիցներին՝ LuMan-ի թիմը խորհուրդ է տալիս բաց լինել փոփոխությունների համար, արագ գործել եւ օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն:

Ներկա պահին LuMan-ի թիմը նախատիպի փորձարկման փուլում է։

«Պլանավորում ենք ավարտին հասցնել թեստավորումը, հստակեցնել բովանդակային հարցերը։ Շուտով նախատեսում ենք գործարկել կայքը։ Եվ վերջապես, մեծ հույսեր ունենք՝ արդեն այս տարի պրոդուկտը ներկայացնելու մեր հաճախորդներին»,- եզրափակել են LuMan-ում:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան