11:31 | 11.06.18 | Հոդվածներ | exclusive 68156

    Հայկական Currencii-ն՝ Startup Wise Guys-ի ծրագրի շրջանավարտ

    Արտարժույթի օնլայն փոխանակման հարթակ հանդիսացող Currencii հայկական ստարտափը Ռիգայում դարձել է էստոնական Startup Wise Guys աքսելերատորի շրջանավարտ:

    Եռամսյա ծրագրին մասնակցած ստարտափի հիմնադիր Վահագն Գրիգորյանը Դեմո օրվա, Swedbank-ի հետ համագործակցության եւ նոր շուկաների գրավման մասին պատմել է Itel.am-ին:

    3 ամսում աճել ենք որպես բիզնես

    Վահագն Գրիգորյանի խոսքով՝ Startup Wise Guys-ի եռամսյա ծրագրի շնորհիվ Currencii-ն աճել է որպես բիզնես:

    «Գոհ ենք ծրագրից, շատ լավ փորձ էր, սովորեցինք բիզնեսն արդյունավետ վարել, բազմաթիվ բացեր լրացրեցինք ծրագրի միջոցով: Ներդրում ենք ստացել Startup Wise Guys-ից եւ աշխատում ենք թիմն արագ մեծացնելու ուղղությամբ»,- նշել է նա:

    Currencii-ի հիմնադրի խոսքով, եթե Հայաստանում կան հետաքրքրված ֆինտեխ ստարտափներ, որոնք հետագայում կցանկանան դիմել Startup Wise Guys-ի աքսելերացիոն ծրագրին, ապա իրենք պատրաստ են կիսվել փորձով:

    Swedbank-ի հետ համագործակցության մասին

    Ստարտափը վերջերս սկսել է համագործակցել Բալթյան երկրների ամենախոշոր բանկերից մեկի՝ Swedbank-ի հետ, որին պատկանում է տարածաշրջանի շուկայի շուրջ 50%-ը: Բանկը Startup Wise Guys-ի գործընկերն է եւ աքսելերացիոն ծրագիրը հենց նրա գրասենյակում է ընթանում: Swedbank-ը հայկական ստարտափին նաեւ անվճար գրասենյակ է տրամադրել իր տարածքում:

    photo © Currencii

    «Swedbank-ն ունի հատուկ օնլայն հարթակ, որտեղ տեղադրվում են բանկի գործընկերների հավելվածները, եւ նրանց արտաքին գործընկերներն օգտվում են այդ հավելվածներից: Մեր ստարտափը մինչեւ տարվա վերջ ներկայացված կլինի այդ հարթակում»:

    €120 հազ. փոխանակում եւ 50-ից ավելի հաճախորդ

    Currencii-ում մինչ օրս շուրջ €120 հազ-ի փոխարկում է կատարվել:

    Ստարտափը պայմանագիր է կնքել նաեւ 50-ից ավելի հաճախորդի հետ, որոնք հիմնականում Լատվիայից են:

    Թիրախում ԵՄ երկրներն են

    Առաջիկայում Currencii-ն կշարունակի ամրապնդվել եւ հաճախորդներ ներգրավել Լատվիայում, սակայն թիրախում Եվրոպական միության բոլոր երկրներն են:

    Վահագն Գրիգորյանն ընդգծել է, որ եթե Հայաստանում կան ֆինտեխ ուղղությամբ հետաքրքրված երիտասարդներ, ապա կարող են կապ հաստատել իրենց հետ՝ միանալու Currencii-ի թիմին:

    Currencii-ի մասին

    Currencii-ն արտարժույթի օնլայն փոխանակման հարթակ է, որը թույլ է տալիս շուրջ 10 անգամ խնայել արտարժույթ փոխանակելու գործընթացում:

    Համակարգում ներկայացված է երկու կողմ՝ գնորդ եւ վաճառող: Currencii կողմերի համար ծառայում է որպես կամուրջ, գեներացնում բոլոր պահանջները, հետո յուրաքանչյուր կողմին փոխանցում իրեն հասանելիք գումարը: Կողմերն իրար չեն տեսնում, ինչն արված է անվտանգությունից ելնելով, որպեսզի իրար չխաբեն:

    Նարինե Դանեղյան