10:29 | 05.06.18 | Նորություններ | 3814

Microsoft-ը $7,5 մլրդ-ով ձեռք կբերի GitHub հարթակը

Microsoft-ը հունիսի 4-ի երեկոյան պաշտոնապես հայտարարեց ինտերնետում ծրագրային կոդերի հրապարակման եւ տարածման առաջատար հարթակ GitHub-ը գնելու մասին:

Գործարքի արժեքը $7,5 մլրդ է:

«Microsoft-ը, միավորելով ներուժը GitHub-ի հետ, մեծացնում է մեր պարտավորությունները ծրագրավորման ազատության եւ նորարարության հարցերում: Մենք գիտակցում ենք այն հանրային պատասխանատվությունը, որ ձեռք ենք բերել այս գործարքի արդյունքում եւ կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի յուրաքանչյուր ծրագրավորողի ոգեշնչենք լուծել աշխարհի ամենաառանցքային մարտահրավերները»,- ասել է Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան:

«Մենք եւ Microsoft-ը հավատում ենք, որ GitHub-ը պետք է շարունակի մնալ որպես բաց հարթակ՝ բոլոր ծրագրավորողների համար: GitHub-ը կշարունակի մնալ ձեր տունը՝ լավագույն վայրը ծրագրեր ստեղծելու, համատեղ աշխատելու եւ նոր բացահայտումների համար»,- նշել է GitHub-ի գործադիր տնօրեն Քրիս Վանստրատը:

GitHub-ում իրենց կոդերն են տեղադրում շուրջ 28 մլն ծրագրավորվողներ, այդ թվում այնպիսի մեծ ընկերություններից, ինչպիսիք են Apple-ը, Amazon-ը եւ Google-ը: