14:47 | 24.05.18 | Նորություններ | 3728

Հայկական եւ բրիտանական ՏՏ համագործակցությունը կխթանվի

ԻՏՁՄ-ն եւ Հայ-բրիտանական գործարարության պալատը կհամագործակցեն ՏՏ, արհեստական բանականության եւ իրերի համացանցի (Internet of Things) ոլորտներում հայկական եւ բրիտանական ընկերությունների միջեւ բիզնեսի ու կրթության կապերի զարգացման գործում:

Այս կապակցությամբ մայիսի 23-ին կայացած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի շրջանակում կողմերը կնքել են համագործակցության հուշագիր:

ԻՏՁՄ համաժողովի բացմանը մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ՏՏ-ն բնորոշել է որպես գործիք, որն «ընդլայնում է հնարավորինի եւ նեղացնում անհնարինի սահմանները»:

Համաժողովի շրջանակում ԻՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը: Ներկայացվել է ԻՏՁՄ 2017-2021 թթ. ռազմավարության՝ Why Armenia հայեցակարգի, ռազմարդյունաբերության, պետությունը որպես պատվիրատու, կրթության ու աշխատուժի ձեւավորման ենթաբաժինների կատարված աշխատանքներն ու հիմնահարցերը: