11:53 | 24.05.18 | Նորություններ | 3250

Տեխնո ընկերությունները՝ Forbes-ի ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջատար

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաթանկ բրենդների վարկանիշը, որի առաջին հինգ հորիզոնականներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ են:

8-րդ տարին անընդմեջ վարկանիշի առաջատարը Apple-ն է: Բրենդի արժեքը Forbes-ը գնահատել է $182,8 մլրդ, ինչը 8%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Երկրորդ հորիզոնականում արդեն 3-րդ տարին անընդմեջ հայտնվում է Google-ը՝ $132,1 մլրդ արժողությամբ: Բրենդի արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 30%-ով: Լավագույն եռյակը եզրափակում է Microsoft-ը, որի բրենդը գնահատվում է $104,9 մլրդ՝ նախորդ տարվանից 21%-ով ավելի:

Facebook-ը 4-րդն է ($94,8 մլրդ), իսկ հնգյակը եզրափակում է Amazon-ը ($70,9 մլրդ):

Forbes-ում նշել են, որ 100 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 10%-ով՝ կազմելով $2,15 տրիլիոն:

Ի դեպ, վարկանիշում հայտնվելու համար կարեւոր նախապայման է ամերիկյան շուկայում ներկայությունը: