10:51 | 30.03.18 | Հարցազրույցներ | exclusive 111508

Revolut-ի հիմնադիրը՝ ֆինտեխ թրենդների եւ կրիպտո ապագայի մասին

Revolut ստարտափի համահիմնադիր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտ Նիկոլայ Ստորոնսկին կանխատեսում է՝ կրիպտոարժույթները կտարածվեն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Աֆրիկայում, սակայն հատկապես կարեւոր կլինեն զարգացած երկրներում:

Նիկոլայ Ստորոնսկին այս մասին նշել է Itel.am-ի հետ բացառիկ զրույցում՝ Ռիգայում կայացած TechChill տեխնոլոգիական միջոցառման շրջանակում:

Revolut-ի համահիմնադիրն ասել է, որ զարգացած ֆինտեխ էկոհամակարգը բաղկացած է երեք մասից՝ ենթակառուցվածքներ, բանկային ոլորտ եւ իրավական դաշտ:  

«Կարծում եմ՝ ամուր ենթակառուցվածքի առկայությունը ֆինտեխ ոլորտում պարտադիր նախապայման է, հիմք՝ բիզնեսների, հատկապես ՏՏ ոլորտի համար»,- նշել է  Նիկոլայ Ստորոնսկին:

Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Արեւելյան Եվրոպայում բենքինգը, բլոքչեյնը եւ կրիպտոարժույթները շատ ավելի զարգացած են, քան Արեւմտյան Եվրոպայում:

photo © TechChill


Խոսելով բիթքոինի փոխարժեքի տատանումների մասին՝ նա ասել է, որ դա շատ անկանխատեսելի գործընթաց է:

«Սկզբում կարծում էի՝ այն կհասնի $10 000-ի, ապա կբարձրանա մինչեւ $40 000, բայց այն դարձավ $21 000»,- նշել է նա:

Revolut ստարտափի համահիմնադիրը խոսել է նաեւ ընկերության ստեղծման վաղ փուլում իր թույլ տված սխալների մասին՝ դրանց թվում նշելով սխալ մարդկանց աշխատանքի ընդունելը, ոչ ճիշտ բաների վրա ռեսուրսներ ծախսելը, վատ գովազդը:

Պատասխանելով հարցին, թե որն է թիմն ընդլայնելու ճիշտ ժամանակը՝ նա կատակելով ասել է.

«Երբ տեսնում ես, որ աշխատակիցներդ սկսում են գրասենյակում քնել, քանի որ աշխատանքը շատ է, ապա ճիշտ ժամանակն է՝ թիմը նոր մարդկանցով համալրելու»:

Նիկոլայ Ստորոնսկին խոսել է նաեւ տեխնոլոգիական թրենդների մասին: Նա ֆինտեխից բացի առանձնացրել է արհեստական բանականությունը, վիրտուալ իրականությունը, եւ նշել, որ մոտ ապագայում այդ ցուցակին կավելանան բժշկությունը եւ կենսաբանությունը:

2015թ. Լոնդոնում հիմնված Revolut ստարտափն ի սկզբանե մշակել էր դեբետային քարտ, որի միջոցով հնարավոր էր վճարումներ կատարել յուրաքանչյուր երկրում՝ փոխանակելով արժույթը միջբանկային փոխարժեքով։ Քարտը հնարավորություն էր տալիս հաշիվներ բացել մի քանի արժույթով, եւ քարտապանը կարող էր փոխանցել, փոխարկել գումարը եւ առանց միջնորդավճարի վճարումներ կատարել շրջագայությունների ժամանակ՝ ղեկավարելով այդ ամենը հատուկ հավելվածում։

Այսօր Revolut-ն աշխատում է արդեն 130 արժույթով (այդ թվում՝ երեք կրիպտոարժույթով), ընկերության ծառայությունից օգտվում է ավելի քան 1,5 մլն մարդ։ Ընդհանուր առմամբ, ստարտափը ներգրավել է $86,4 մլն-ի ներդրում, այդ թվում՝ $5 մլն իր հաճախորդներից քրաուդֆանդինգի շրջանակում։

Այս տարվա ավարտին Revolut-ը նախատեսում է քարտեր տրամադրել նաեւ Ռուսաստանում։

Նիկոլայ Ստորոնսկիի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը