2018թ. փետրվարի 8-9-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը հյուրընկալել էր շուրջ 2000 ներկայացուցչի ամբողջ աշխարհից:

Թորստեն Քոլինդը ստարտափների խորհրդատու է, վենչուրային երկու հիմնադրամում ներդրող: Նա Սան Ֆրանցիսկոյում տեղակայված YouNoodle հարթակի համահիմնադիրն է:

Նախկինում հիմնադրել է Դանիայում ստարտափների ներգրավման ամենամեծ ծրագիրը՝ Venture Cup-ը: Մի շարք ստարտափ ծրագրերի ժյուրի է եղել Սթենֆորդում եւ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում:

Itel.am-ի լրագրողը TechChill-ի շրջանակում զրուցել է Թորստեն Քոլինդի հետ:

- Դուք բազմաթիվ ստարտափներում ներդրող եւ խորհրդատու եք: Հաշվի առնելով այդ փորձը՝ որո՞նք են ոլորտի գլխավոր թրենդներն այսօր:

- Կարծում եմ՝ այդ թրենդներից շատերն ակնհայտ են՝ արհեստական բանականությունը, վիրտուալ եւ լրացված իրականությունը, ինքնավար ավտոմեքենաները եւ այլն:

Միտում կա, ըստ որի՝ տեխնո ոլորտը լինելու է ամենուր, բոլոր ոլորտներում, ինչը մեծ հնարավորություններ է ընձեռում:

Մեկ այլ թրենդ է այն, որ կարող եք ընկերություններ հիմնել ամենուր, եւ դրա համար ամենեւին կարիք չկա գտնվել Սիլիկոնյան հովտում կամ այլ մեծ ՏՏ կենտրոնակայանում:

Մեկ ուրիշ թրենդ եմ համարում ներդրումների գլոբալ տարածումը, որի համաձայն՝ ներդրողը, որն աշխատում է Լոնդոնում, չի ասում՝ ես ներդրում կանեմ միայն Լոնդոնում: Այսօր ներդրողները գլոբալ են մտածում: Կարծում եմ՝ սրանք իսկապես ֆանտաստիկ թրենդներ են, որոնք դեմոկրատացնում են տեխնոլոգիաների հասանելիությունը:

- Հավանաբար ստարտափների հետ աշխատանքի ընթացքում հանդիպել եք բազմաթիվ սխալների: Որո՞նք են ամենատարածվածները:  

- Դրանք շատ են: Առաջին հերթին բոլորն են տեղյակ, որ 10 ստարտափից 9-ը ձախողում է: Ստարտափները հաճախ չեն ցանկանում լսել ձախողման մասին, նրանց գրավում են միայն հաջողակ պատմությունները, ինչպիսիք են Skype-ը, Airbnb-ն: Բայց իրականում փաստ է, որ շատ ստարտափներ ձախողում են: Դա նորմալ է, եթե չի ստացվում, ձախողում ես ու նորից սկսում: Շատ հաջողակ ձեռներեցների մոտ ստացվել է միայն բազմաթիվ փորձերից հետո:

Ձախողում է նաեւ այն, երբ շուկա մտնելուց հետո պարզում ես քո ստեղծած պրոդուկտի՝ պահաջնված չլինելը:

Երբեմն ֆանտաստիկ պրոդուկտ ունեք եւ ժամանակն էլ ճիշտ է ընտրված, բայց ձեր թիմը խնդիրներ ունի: Որոշ ստարտափներ էլ կարող են ամեն ինչ ճիշտ անել, սակայն երբ գալիս է ֆինանսավորում ներգրավելու ժամանակը, նրանց մոտ չի ստացվում ներդրողներին համոզել:  

Նարինե Դանեղյանն ու Թորստեն Քոլինդը Նարինե Դանեղյանն ու Թորստեն Քոլինդը
photo © TechChill


- Խոսենք ձեր հիմնադրած YouNoodle հարթակի մասին:

- YouNoodle-ը հարթակ է աշխարհի ստարտափների համար, որոնք փնտրում են դրսեւորվելու նոր վայրեր, ցանկանում են ծրագրերի մասնակցել եւ աճել ոչ միայն իրենց սեփական երկրում:

Տարեկան շուրջ $25 մլն ենք հատկացնում, եւ դա է պատճառը, որ մրցակցությունը շատ մեծ է: Մեր գլխավոր գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում է: Ստարտափների կեսը ամերիկյան են, կեսը՝ մնացած աշխարհից, այնպես որ հարթակը բավական միջազգային է: Հարյուրավոր ծրագրեր են ներկայացված եւ դրանցից յուրաքանչյուրն ուրույն չափորոշիչներ ունի: Հարկավոր է մուտք գործել հարթակ եւ ընտրել այն ծրագիրը, որը հետաքրքրում է ձեզ: Շատ ծրագրեր կան, որ բաց են Արեւելյան Եվրոպայի, այդ թվում՝ Հայաստանի ստարտափների համար: Եվ իրականում արդեն կան հայաստանյան ստարտափներ, որոնք հարթակի միջոցով ծրագրեր են որոնում:

- Դուք մասնագիտացած եք հետեւյալ թեմայում՝ «ինչպես կառավարությունները կարող են նպաստել էկոհամակարգի աճին՝ գլոբալ ստարտափների ներգրավման միջոցով»: Ո՞րը կլինի ձեր խորհուրդը Արեւելյան Եվրոպայի, այդ թվում՝ Հայաստանի կառավարությանը:

- YouNoodle-ի միջոցով աշխատում ենք կառավարությունների, հիմնադրամների, համալսարանների հետ՝ թե՛ ստարտափներ որոնելու եւ թե՛ նրանց ընտրելու հարցերում:

Ցանկանում եմ խոսել Չիլիի օրինակի մասին: Այդ երկրի կառավարությունը 6 տարի առաջ որոշեց, որ չի ցանկանում սպասել մինչեւ իր երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը եւ դրա փոխարեն որոշեց արտերկրից ստարտափ հիմնադիրների հրավիրել երկիր՝ նրանց հնարավորություն տալով ընկերություններ բացել Չիլիում: Նրանք ստանում են ստարտափ վիզա, $40 հազ. ներդրում, քովորքինգ տարածք, մենթորություն: Ամեն տարի ծրագրի համար շուրջ 5000 հայտ է ստացվում, եւ շուրջ 300 ստարտափ ամեն տարի տեղափոխվում է Չիլի: Ես, իհարկե, չեմ ասում, որ Հայաստանը կամ այլ երկրներ պետք է կրկնօրինակեն այս փորձը, բայց հետազոտելը եւ գործընթացը հասկանալը օգտակար կարող է լինել:

Օրինակ, Մեծ Բրիտանիան ունի Tech Nation Visa տարբերակ այն մարդկանց համար, որոնք ամեն դեպքում մտադիր են Բրիտանիա գնալ: Այնպես որ լրիվ այլ մոտեցում է: Եթե Չիլին ասում է, մենք ցանկանում ենք, որ գաս, ապա Բրիտանիան ասում է՝ քանի որ մեկ է՝ գալու ես, կարող ես դիմել նաեւ այս վիզայի համար:

Այնպես որ, երբեմն որպես կառավարություն պետք է ընտրես՝ կենտրոնանալ տեղացի ձեռներեցների վրա՞, թե՞ դրսից ձեռներեցներ հրավիրել երկիր: Եվ սա կարեւոր ընտրություն է: Ես միջազգայնացման մեծ կողմնակից եմ, սակայն երբեմն քաղաքական տեսանկյունից դժվար է գումար ծախսել արտերկրից ձեռներեցների վրա:

- Հաշվի առնելով Սիլիկոնյան հովտում Ձեր փորձը՝ ի՞նչ պետք է իմանան ոչ ամերիկացի ձեռներեցները՝ նախքան ԱՄՆ-ում հաստատվելը:

- Ես՝ որպես դանիացի ձեռներեց, 8 տարի առաջ տեղափոխվեցի Սիլիկոնյան հովիտ: Նորեկ էի այդ էկոհամակարգում: Մինչ օրս Սիլիկոնյան հովտում ամբողջ գործընթացը ավտոմատացված չէ. այն ավելի շատ հիմնված է վստահության եւ կապերի վրա:

Դրա լավ կողմն այն է, որ ունենք «վճարի՛ր ուրիշին» մշակույթը՝ սկզբում դու ինչ-որ լավ բան ես անում ինչ-որ մեկի համար, եւ հետո մեծ են շանսերը, որ նրանք ինչ-որ լավ բան կանեն քեզ համար: Սա շատ ավելին տալու, քան ստանալու մասին է: Բայց խնդիրն այն է, որ դրսից եկողների համար շատ բարդ է ադապտացվել, գտնել ճիշտ ներդրողների եւ փիչ անել:

Սա բարդացնում է նորեկների համար այդ էկոհամակարգում փոփոխություններ կատարելը: Արտերկրից եկած այն հիմնադիրները, որոնք Սիլիկոնյան հովտում հաջողության են հասել, շատ երկար ժամանակ են ծախսել միայն ցանց եւ կապեր ստեղծելու համար, իրենց լավ են դրսեւորել եւ հասկացել մշակույթը:

Փաստն այն է, որ այսօր ստարտափները չունեն Սիլիկոնյան հովտի կարիքն այնքան, որքան ունեին 10 տարի առաջ: Շատ այլ վայրեր կան, ուր կարող եք գնալ եւ սկսել զարգացնել ձեր ստարտափը:

Կարծում եմ՝ հիանալի ժամանակ է Հայաստանում ձեռներեց դառնալու համար, շատ հնարավորություններ կան, որոնք չկային 5-10 տարի առաջ: Պետք չէ, որ բոլորը լքեն իրենց երկիրը եւ գնան Սիլիկոնյան հովիտ: Իհարկե, լավ բան է դուրս գնալը, փորձ ձեռք բերելը, բայց իրականում շատ բան կա, որ կարելի է անել նաեւ քո երկրում, խնդիրներ որոնք կարելի է տեղում լուծել: Եվ հիմա դուք ունեք աշխարհում առկա բոլոր գործիքները՝ դա անելու համար:  

Թորստեն Քոլինդի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը