09:19 | 26.03.18 | Նորություններ | 9649

ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը նվիրված հաքաթոնն ընդունում է հայտեր

«Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված գաղափարներ» հաքաթոնը, որը կանցկացվի ապրիլի 7-8-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ընդունում է մասնակցության հայտեր:

Թիմերը 24 ժամվա ընթացքում կաշխատեն իրենց գաղափարների/լուծումների նախատիպերի վրա, որոնք կներկայացնեն ժյուրիին:

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 2-ը: Հայտը հասանելի է այստեղ:

Հաղթողների համար սահմանված են 2 000 000 դրամ, 1 200 000 դրամ եւ 750 000 դրամ մրցանակներ:

Մրցույթը կազմակերպում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Լոռու մարզպետարանի հետ համատեղ:

Այն նպատակ ունի խթանել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ շուկայում ներդնելով ոլորտի նորարար լուծումներ եւ ծառայություններ, որոնք առավել գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար եւ կապահովեն ավելի մեծ եկամուտ դրանց իրագործողներին:

Ժյուրիի կողմից կխրախուսվեն նորարարական գաղափարները, մասնավորապես հետեւյալ ոլորտներում.

- Հայաստանում տուրիզմի մասին իրազեկման տեխնոլոգիական լուծումներ
- Տեղեկատվության որոնման բարելավում
- Տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

Մրցույթն ի հայտ կբերի զբոսաշրջության բնագավառի նորարար ծառայությունների/լուծումների գաղափարներ, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային տուրիստական շուկայում եւ կապահովեն զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք ու եկամուտներ:

Մրցույթի իրականացմանն աջակցում է ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: