17:17 | 12.03.18 | Նորություններ | 14027

    Armenian Startup Backstage-ը համախմբել էր հայաստանյան ՏՏ համայնքին

    Մարտի 7-ին ISTC կենտրոնում Startup Europe Week-ի շրջանակում կայացել է Armenian Startup Backstage միջոցառումը, որը համախմբել էր հայաստանյան ՏՏ համայնքին:

    Հայկական 3 հաջողակ ստարտափների հիմնադիրները՝ Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը, Inapptics-ի համահիմնադիր Աշոտ Տոնոյանը եւ 2HZ-ի հիմնադիր Դավիթ Բաղդասարյանը, խոսել են այն դասերի եւ մարտահրավերների մասին, որոնց բախվել են տեղական էկոհամակարգում:  

    «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը


    «Սա շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրից աջակցություն ստացած ստարտափներ եւ տարբեր նախաձեռնություններ են ներկա միջոցառմանը: Հիանալի է տեսնել, որ արդեն ունենք հաջողության պատմություններ՝ EU4Business նախաձեռնության շնորհիվ: Հայաստանի ստարտափ էկոհամակարգը առջեւում պայծառ ապագա ունի եւ ուրախ ենք օգնել զարգացնել էկոհամակարգը եւ ունենալ ծաղկող ստարտափներ»,- նշել է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը:

    Միջոցառման շրջանակում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հանդիպում է կայացել, որի ընթացքում ոլորտի խաղացողները քննարկել են սովորածը եւ հասկացել էկոհամակարգի առաջիկա մարտահրավերները:

    Միջոցառումը կազմակերպել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ISTC կենտրոնը` Catalyst հիմնադրամի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, Global.AM ՀԿ-ի հետ համագործակցությամբ եւ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

    photo © ISTC


    «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ, GIZ) Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացման ծրագրի շրջանակում:

    Startup Europe Week շարժմանը Հայաստանը միանում է արդեն երրորդ տարին: Շարժման նպատակն է տեղական շուկայում մի շարք միջոցառումների միջոցով օգնել ձեռներեցներին աճել եւ տարածվել ամբողջ աշխարհում: