14:38 | 27.02.18 | Նորություններ | 3720

    Apple-ը երեք նոր iPhone կներկայացնի

    Apple-ն այս տարվա վերջին կներկայացնի միանգամից երեք նոր iPhone՝ հսկայական, միջին եւ «ոչ թանկ»:

    Bloomberg-ի տեղեկություններով՝ առաջին մոդելը կունենա 6,8 դյույմ էկրան: Թիրախում, ամենայն հավանականությամբ, կլինեն բիզնես օգտատերերը՝ մեծ էկրանով նամակներ գրելը եւ աղյուսակներ խմբագրելն ավելի հեշտ է: Ըստ տեղեկությունների, ծրագրային ապահովումը թույլ կտա էկրանը կիսել եւ միաժամանակ երկու հավելվածով աշխատել:  

    Երկրորդ մոդելը կլինի iPhone X-ի «ժառանգը» եւ կունենա նույն չափերը: Այն կաշխատի A12 պրոցեսորով: Հնարավոր է, որ թողարկվի երեք գույնով՝ սեւ, սպիտակ եւ ոսկեգույն:

    Երրորդ տարբերակը կունենա ավելի քիչ ֆունկցիաներ եւ կլինի համեմատաբար ավելի էժան: Այս մոդելն ընկերությանը հնարավորություն կտա մեծացնել վաճառքները՝ հետաքրքրելով բյուջետային սպառողներին:   

    Bloomberg-ում նշում են, որ այս քայլով Apple-ն նպատակ ունի ավելացնել վաճառքի ծավալները՝ հաշվի առնելով iPhone X-ի ոչ շատ հաջող վաճառքների փորձը:

    2017թ. վերջին եռամսյակում ընկերությունը վաճառել է 77,3 մլն սարքավորում, չնայած որ կանխատեսվում էր 80,2 մլն-ի վաճառք: