11:43 | 26.02.18 | Նորություններ | 10874

Կյել Նորդստրյոմը Երեւանում կպատմի «Կարաոկե-կապիտալիզմ»-ի մասին

Մայիսի 17-ին Երեւանում ելույթ կունենա հայտնի շվեդացի տնտեսագետ, «Funky Business - Talent Makes The Capital Dance» («Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարացնում է կապիտալին»)  եւ «Karaoke-capitalism» («Կարաոկե-կապիտալիզմ») բեսթսելերների համահեղինակ Կյել Նորդստրյոմը (Kjell A. Nordstrem):

Կյել Նորդստրյոմը համաշխարհային ճանաչում ստացավ 1999 թվականին, երբ լույս տեսավ իր եւ իր գործընկեր Յոնաս Րիդեստրալի հեղինակած
«Funky Business - Talent Makes The Capital Dance» (Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարացնում է կապիտալին) գիրքը։  Այն դարձավ բիզնես գրականության հիթը եւ թարգմանվեց 32 լեզուներով։ Այն անվանում են «նոր տնտեսության մանիֆեստ»:

Նորդստրյոմի «Karaoke-capitalism» («Կարաոկե-կապիտալիզմ») երկրորդ բեսթսելերը (համահեղինակ՝ Յոնաս Րիդեստրալե) մի նոր ուղեցույց է այն մասին, թե ինչպես կարելի է գոյատեւել նոր աշխարհում: Գրքում ասվում է, որ բիզնեսի խնդիրը «կարաոկե-տնտեսության» մեջ միատեսակ ընդօրինակողների բազմությունն է, եւ միայն երեւակայությունն ու նորարարությունները թույլ կտան ազգին, ընկերությանը կամ կոնկրետ մարդուն գտնել յուրօրինակ դիրքորոշումը:

Երեւանում Կյել Նորդստրյոմի ելույթի կազմակերպիչ skill.am առցանց հարթակը յուրօրինակ իրադարձության այս տեսակը նախապատրաստել է  ինսայթ սեսիայի ձեւաչափով, որի ընթացքում դոկտոր Նորդստրյոմը միջոցառման մասնակիցների հետ կձեւավորի ապագայի տեսլականը (15-25 տարի)՝ հիմնվելով ժամանակակից միտումների վրա:

Միջոցառումը տեղի կունենա Skill.am թիմի կողմից նախաձեռնած World’s Top Speakers in Armenia նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է Հայաստանը դարձնել հարթակ, որտեղ ելույթ են ունենում բարձրակարգ համաշխարհային բանախոսները, գրքերի հեղինակները եւ ականավոր մտածողները:

Միջոցառման նախագրանցումը բաց է www.skill.am կայքում: