2018թ. փետրվարի 8-9-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացել է TechChill տեխնոլոգիական միջոցառումը, որը հյուրընկալել էր շուրջ 2000 ներկայացուցիչ ամբողջ աշխարհից:
Ֆինն ձեռներեց Փիթեր Վեստերբական Angry Birds խաղի ստեղծողներից է, Slush եւ MobileMonday տեխնո միջոցառումների հիմնադիրը: 2011թ. TIME-ի կողմից ներառվել է «Մոլորակի ամենաազդեցիկ 100 մարդկանց» վարկանիշում:
«Ֆինլանդիայի Էլոն Մասկ»-ի հաջորդ ծրագիրն ավելի մասշտաբային է. նա նախատեսում է Տալլինը եւ Հելսինկին իրար կապող հսկայական թունել փորել:
Itel.am-ի լրագրողը TechChill-ի շրջանակում զրուցել է Փիթեր Վեստերբակայի հետ:
- Սկսենք Angry Birds-ից։ Ինչպե՞ս նման պարզ կոնցեպտով խաղը կարճ ժամանակում նման հաջողության հասավ:
-Այդ հաջողությունը մի շարք երեւույթների համադրությունն է, ինչպես օրինակ ֆանտաստիկ կերպարները՝ թռչունների տեսքով: Ֆանտաստիկ է նաեւ բրենդը՝ երբ լսում եք Angry Birds, բառակապակցությունը մեխվում է ձեր գլխում ու ձեզ հարց եք տալիս՝ տեսնես ի՞նչն է թռչուններին զայրացրել:
-Եվ իսկապես ի՞նչն է զայրացրել թռչուններին:
-Այն, որ խոզերը գողանում են նրանց ձվերը: Շատ պարզ պատմություն է: Մենք դրանով մեծ հաջողություն արձանագրեցինք. դարձանք երբեւէ ամենաարագ աճ ապահոված սպառողական բրենդը: 2016թ. համանուն մուլտֆիլմ նկարահանվեց, որն առաջին հորիզոնականում էր շուրջ 52 երկրում: Այնուհետ հասկացա, որ ճիշտ ժամանակն է թողնեմ, որ թիմը շարունակի անել այն, ինչ անում է, իսկ ինքս սկսեմ ավելի խոշոր նախագծերով զբաղվել։
Փիթեր Վեստերբական
photo © TechChill
- Ձեր հաջորդ նախագիծը վիթխարի ծավալներ ունի՝ Հելսինկի-Տալլին թունելի կառուցումն արժենալու է ավելի քան $15 մլրդ եւ կառուցվելու է մեծ արագությամբ։ Ո՞րն է դրա կարեւորությունը։ -Արդեն 1,5 տարի է, ինչ աշխատում եմ թունելի նախագծի վրա:
Ֆինլանդիայում տնտեսությունն այսօր աճում է, եւ դա լավ սկիզբ է: Բայց ես ցանկանում եմ, որ մենք ավելի արագ զարգանանք, քան, օրինակ, Չինաստանը: Գտնվելով աշխարհի այս հատվածում՝ Չինաստանը մեզ համար ֆանտաստիկ հնարավորություն է: Բոլոր թռիչքները Եվրոպայից դեպի Չինաստան իրականացվում են Հելսինկիով: Մենք Չինաստանի եւ Ճապոնիայի ամենամոտ հարեւանն ենք Եվրոպայում:
Չինական շատ ընկերություններ իրենց եվրոպական կենտրոնակայանները բացում են հենց Ֆինլանդիայում: Պատճառները մի քանիսին են՝ Հելսինկին իրենց մոտ է, այնտեղ հանգիստ կարող են աշխատել չինարենով, ինչպես նաեւ առկա է տաղանդների գլոբալ ռեզերվ՝ բիզնես վարելու համար: Կարծում եմ, որ հայկական ստարտափների համար էլ հետաքրքիր կլինի գալ եւ միանալ այդ տաղանդներին: Այդպիսով մենք ավելի սերտ կհամագործակցենք տարածաշրջանի հետ:
Ամեն տարի Հելսինկիի եւ Տալլինի միջեւ իրականացվում է ավելի քան 10 մլն ճանապարհորդություն եւ այս թիվն 90-ականներից սկսած՝ աճում է: Այնպես որ, համագործակցությունը բավական մեծ ծավալների է: Թունելի գործարկումը միայն կարագացնի այն աճը, որն առանց այդ էլ արդեն ընթացքի մեջ է:
Այսօր Ֆինլանդիայում տեսանելի է Ասիայից զբոսաշրջիկների, ներդրումների մասսայական աճ: Ճապոնիան, օրինակ, մեծ ներդրումներ է կատարել Ֆինլանդիայի ռոբոտիկայի ընկերություններում:
Փիթեր Վեստերբական եւ Նարինե Դանեղյանը
photo © TechChill
Թունելի գործարկման վերջնաժամկետը 2024թ. դեկտեմբերն է: Դա մեզ տալիս է 5 տարի ժամանակ՝ շինարարությունն ավարտելու եւ էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտ թույլտվությունները ստանալու համար:
- Դուք ՏՏ ոլորտի ամենահայտնի միջոցառումներից մեկի՝ Slush-ի հիմնադիրն եք, որն այս տարի կայանալու է դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում: - Այո, Slush-ն աշխարհի ամենամասշտաբային ՏՏ միջոցառումներից է: Այն այս տարի ունենալու ավելի քան 100 մասնակից երկիր, շուրջ 6500 կամավոր՝ ավելի քան 60 երկրից: Սա շատ ավելի գլոբալ միջոցառում է, քան Սիլիկոնյան հովտում ցանկացած բան:
Հիանալի կլիներ ավելի շատ հայկական ստարտափներ տեսնել Slush-ի ժամանակ:
Մայիսի 30-31-ը եւս մեկ մեծ միջոցառում ունենք Հելսինկիում՝
Arctic 15: Այն անցկացվում է գործարանի տարածքում եւ շուրջ 3000 մասնակից ունի:
Ի դեպ, նշեմ, որ մինչեւ 2020-ն ամբողջ աշխարհից, հնարավոր է նաեւ Հայաստանից 150 000 օտարերկրյա ուսանող գա Ֆինլանդիա, եւս 30 000-ը՝ Էստոնիա: Մեծ թվով օտարերկրյա ուսանողները կօգնեն նոր ստարտափներ հիմնել, իսկ արդեն գոյություն ունեցող ստարտափները կընդլայնեն իրենց աշխատակիցների բազան:
- Այդ ուսանողները կրթաթոշակնե՞ր են ստանալու: - Ոչ, նրանք վճարելու են ուսման համար, սակայն կրթությունը Ֆինլանդիայում մյուս երկրների համեմատ էժան է՝ տարեկան $10 000- 20 000: Ինչ վերաբերում է որակին, ապա այն շատ բարձր է, մեր համալսարանների մեծ մասն աշխարհի համալսարանների թոփերում են:
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ ֆիննական շուկան պատրաստ է ընդունել արտերկրի ստարտափներին: -Այո, այն սուպեր գլոբալ է: Երբ Rovio-ում աշխատում էի Angry Birds-ի վրա, մեր թիմում ունեինք 47 ազգի ներկայացուցիչներ: Ֆինլանդիան սուպեր գլոբալ տաղանդների ռեզերվ է:
Երկրում հազարավոր ստարտափներ են գործում՝ եւ սա ընդամենը 5,5 մլն բնակչության դեպքում:
Փիթեր Վեստերբական
photo © TechChill
Ֆինլանդիան ակտիվորեն ներառված է արհեստական բանականությանը վերաբերող հետազոտություններում արդեն 20 տարի շարունակ: Այսօր մենք այս ոլորտում ունենք մեծ թվով ընկերություններ:
-Ի՞նչ գիտեք հայկական ՏՏ-ի մասին: -Անկեղծ ասած՝ ոչինչ չգիտեմ: Եթե դեռ չունեք ուղիղ թռիչքներ դեպի Հելսինկի, պետք է աշխատենք այդ հարցը լուծելու ուղղությամբ: Ես երբեք չեմ եղել Հայաստանում, բայց շատ կցանկանայի այցելել: Եթե լինեն հետաքրքրվողներ, անպայման կգամ Հայաստան:
Այդ նույն պատճառով էլ TechChill-ին եմ մասնակցում՝ ինձ համար կարեւոր է ներսից տեսնել, թե ինչ է կատարվում լոկալ էկոհամակարգերում:
Փիթեր Վեստերբակայի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը