10:44 | 13.02.18 | Armenia Startup Academy-ի շրջանավարտները | exclusive 37481

Armenia Startup Academy-ի շրջանավարտները՝ WooChess

Հայաստանի ամերիկյան համալսարանում փետրվարի 3-ին կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն առաջին շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում իրենց նախագծերն են ներկայացրել 11 թիմ:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի առաջին շրջանավարտներին:

WooChess

WooChess-ը նորարարական կրթական համակարգ է շախմատիստների համար, որտեղ մարզիչները կարող են օնլայն դասեր անցկացնել միանգամից մի քանի աշակերտների հետ:

Կայքում կան բոլոր հարմարությունները շախմատի պարապմունքների համար` տեսազանգի հնարավորություն, չատ, շախմատի ինտերակտիվ տախտակ, տնային հանձնարարությունների եւ նախօրոք դասերը պատրաստելու, պարտիաներ եւ դիրքեր վերլուծելու հնարավորություն եւ շատ այլ շախմատային գործիքներ։
 
«Գոյություն չունի նմանատիպ լուծում, որտեղ համատեղված են շախմատ պարապելու համար բոլոր գործիքները միասին: Մենք միավորում ենք բոլոր գործիքները մի վայրում»,- ընդգծել են ստարտափում:

WooChess-ի թիմում աշխատում է 6 հոգի: Հիմնադիրը նախկին շախմատիստ Հրայր Շահբազյանն է, որն ունի 8 տարվա ծրագրավորման փորձ:

Թեեւ թիրախում են շախմատ սովորել ցանկացող բոլոր մարդիկ, սակայն, Հրայր Շահբազյանի խոսքով, հատկապես կենտրոնանալու են 10-18 տարեկան պրոֆեսիոնալ շախմատիստների վրա:

«Դժվար է բառերով նկարագրել, քանի որ մինչ ծրագրին մասնակցելը ստարտափների մասին պատկերացումներս շատ այլ էին: Հիմա շատ ավելի վստահ եմ իմ ու թիմիս ուժերի վրա, քանի որ ակադեմիայում սովորեցի ստարտափներին վերաբերվող գրեթե ամեն բան»,- նշել է ստարտափի հիմնադիրը:

Թիմը պատրաստվում է որքան հնարավոր է արագ գործարկել պրոդուկտը, եւ մինչեւ տարվա վերջ ունենալ 200 գրանցված մարզիչ եւ 10 հազ. ժամ անցկացված դաս։

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։ Այն իրականացվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան