12:30 | 08.02.18 | Նորություններ | 12764
Volo ընկերությունը սկսել է նոր համագործակցություն Սիլիկոնյան հովտի առաջադեմ ընկերություններից FLYR-ի հետ։
FLYR-ը, որը մասնագիտանում է ավիաընկերությունների համար գնային համակարգեր մշակելու գործում, Volo-ի հետ համատեղ կառուցում է Արհեստական Ինտելեկտի վրա հիմնված գնագոյացման շարժիչ, որը ավիաընկերությունների գնային ռազմավարությունը կհասցնի նոր հարթությունների եւ ծախսերի զգալի խնայողությունների հնարավորություն կստեղծի: Ընկերությունը վերջերս ստացել է 8 մլն դոլար արժողությամբ Series A ֆինանսավորում, որը գլխավորում էր PayPal-ի հիմնադիր Պիտեր Թիելը:
Volo-ն աշխատում է FLYR-ի Սան Ֆրանցիսկոյի թիմին զուգահեռ՝ կառուցելով ցանցային ծառայությունների եւ տվյալների շտեմարանների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա FLYR-ին միավորել եւ կառավարել ավիաընկերությունների petabyte-ային ծավալների հասնող տվյալների հոսքերը:
FLYR-ի համահիմնադիր եւ տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքս Մանսն ասել է.
«Ավիաընկերության ոլորտում նորարարություններ իրականացնելու մեր աշխատանքների շրջանակներում մենք գտել ենք այնպիսի գործընկեր, ով կօգնի մեզ արագացնել մեր ինժեներական թիմի թափը: Մենք տպավորված ենք Volo-ի թիմի մասնագիտական բարձր որակներով, ինչպես նաեւ՝ սահմաններից դուրս մտածելու ունակությամբ»:
«FLYR-ը Սիլիկոնային հովտի ամենահետաքրքիր ընկերություններից մեկն է: Այն առաջատար է համաշխարհային ավիաընկերությունների գործելակերպը հեղաշրջելու գործում: Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք FLYR-ի հետ»,-ասել է Volo-ի գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը։