12:52 | 24.01.18 | Նորություններ | 5391
Ամպային տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Salesforce ամերիկյան ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Բենիոֆը կարծիք է հայտնել, որ Facebook-ը կախվածություն է առաջացնում եւ պետք է կանոնակարգվի ծխախոտային ընկերությունների պես:
«Ես համոզված եմ, որ տեխնոլոգիաներն ունեն կախվածություն առաջացնող որակներ, եւ պրոդուկտ դիզայներներն ամեն ինչ անում են այդ պրոդուկտներից ավելի մեծ կախվածություն առաջացնելու համար: Մենք պետք է հակազդենք այդ գործընթացին»,- ասել է Մարկ Բենիոֆը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում CBNC-ին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ ծխախոտի օգտագործման համար գործում են հատուկ սահմանափակումներ եւ գովազդի կարգավորումներ, մինչդեռ սոցցանցերը չունեն նման օրենքներ:
Ի դեպ, Մարկ Բենիոֆը միակը չէ, որ մեղադրում է տեխնո ընկերություններին հատուկ ռազմավարություններ մշակելու մեջ, որոնք «գողանում են» մարդկանց ժամանակն ու ուշադրությունը՝ բարեկեցությանը վնաս հասցնելու նպատակով: Մեղադրանքներ հնչեցնողների թվում են նաեւ Facebook-ի բարձրաստիճան նախկին ղեկավարները:
Անցած նոյեմբերին Facebook-ի հիմնադիր նախագահ Շոն Պարկերն ասել էր, որ ինքն ու մյուս ղեկավար պաշտոններ զբաղեցնողները մեղավոր են, քանի որ «ստեղծել են սոցիալական վավերացման հետադարձ հանգույց՝ Facebook-ը հոգեբանորեն ավելի կախվածություն առաջացնող դարձնելու նպատակով»:
Facebook-ի նախկին փոխտնօրեն Չամաթ Փալիհափիթիան եւս մեղադրել էր սոցցանցին՝ «կարճաժամկետ, դոպամինով առաջ մղվող հետադարձ կապի հանգույցներ ստեղծելու մեջ, որոնք ոչնչացնում են այն մոդելը, որում գործում է հասարակությունը»:
Վերջին ամիսներին Facebook-ը սկսել է ընդունել, որ սոցիալական մեդիան կարող է վնասակար լինել առողջության համար: Մինչ այդ ընկերությունը մերժում էր օգտատերերի առողջությանը վերաբերող հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ Facebook-ի օգտագործումը կարող է նեգատիվ զգացողություններ առաջացնել:
Այս ամիս Facebook-ը հայտարարեց, որ փոխում է նորությունների ժապավենի կառուցվածքը, եւ որ օգտատերերը կսկսեն ավելի շատ տեսնել ընկերների գրառումները: