18:07 | 23.01.18 | Նորություններ | 11790
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲ ընկերություն) տեղեկացնում է, որ օպտիմալացման նպատակով փոփոխություն է տեղի ունեցել միայն ընկերության բաժնետերերի շղթայում:
«Մասնավորապես՝ «ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 99.99%-ը պատկանում էր «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.01%-ը՝ Պավել Մաշարովին ու Արտյոմ Վասիլեւին, հանդիսանալով միջանկյալ օղակ, պարզապես հանվել է բաժնետերերի շղթայից՝ այդպիսով ապահովելով փաստացի բաժնետերերի հետ առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման հնարավորություն:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, եւ լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը: Այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որեւիցե փոփոխություն տեղի չի ունեցել:
Այսպիսով, վերը նշված փոփոխությունը կատարվել է միայն կառուցվածքային օպտիմալացման նպատակով, եւ այն որեւէ ազդեցություն չի ունենալու ընկերության գործունեության վրա»,- ասված է հաղորդագրությունում: