12:38 | 12.12.17 | Նորություններ | 4955

Apple-ը գնել է Shazam ծառայությունը

Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ գնել է ավելի քան 1 մլրդ ներբեռնում ունեցող Shazam ծառայությունը, որն օգնում է գտնել երաժշտական կատարումներն ու դրանց հեղինակներին:
 
TechCrunch-ի տեղեկություններով՝ գործարքի գինը կազմել է $400 մլն:

«Apple Music-ը եւ Shazam-ը իրենց բնույթով համապատասխանում են միմյանց: Նրանք երկուսն էլ կիսում են սերը նոր երաժշտության հայտնագործման հարցում եւ տպավորիչ երաժշտական փորձ են տալիս օգտատերերին»,- նշել են Apple-ում:

Արդեն 5 ամիս է, ինչ Apple-ը բանակցում է Shazam-ի հետ, ընդ որում, վերջինս այդ ընթացքում բանակցային գործընթացի մեջ է եղել նաեւ Snapchat-ի եւ Spotify-ի հետ:

Shazam հավելվածը սմարթֆոնի միկրոֆոնի միջոցով ձայնագրում է հնչող երգից հատված, այն համեմատում իր բազայում առկա երգերի հետ եւ տեղեկացնում օգտատիրոջը, թե կոնկրետ ինչ երգ է հնչում այդ պահին: Հավելվածը ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ:

Ներդրումային վերջին ռաունդում Shazam-ը գնահատվել է շուրջ $1մլրդ, սակայն Apple-ը այն ձեռք բերելու համար շատ ավելի քիչ է վճարել, քանի որ TechCrunch-ի տեղեկություններով՝ Shazam-ը չի կարողացել երկարաժամկետ կտրվածքում գտնել զարգացման համապատասխան բիզնես մոդել: