«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հոկտեմբերին կայացած HIVE Summit 2017-ին մասնակցելու նպատակով Հայաստան էր այցելել Սան Ֆրանցիսկոյում գործող 500 Startups աքսելերատորի գործընկեր Րինա Օնուրը:
Նա ղեկավարում է Ստամբուլում գործող 500's Istanbul կազմակերպությունը, ինչպես նաեւ Peak Games ստարտափի համահիմնադիրն է:
Այցի արդյունքների մասին Itel.am-ը զրուցել է Րինա Օնուրի հետ:
- Որքանո՞վ եք տեղեկացված հայաստանյան ՏՏ զարգացումների մասին:
- Ես շատ հայերի եմ ճանաչում՝ ինչպես Սիլիկոնյան հովտից, այնպես էլ աշխարհի մյուս ծայրերից: Որպես հետխորհրդային երկիր՝ Հայաստանում կրթության մակարդակը, համակարգչային գիտություններն ու ինժեներությունը շատ բարձր մակարդակի վրա են:
Մի բան, որ առավել քան հետաքրքիր է Հայաստանի մասով, այն է, որ շատ մեծ երկրներում ձեռներեցները հիմնականում ձգտում են ստեղծել պրոդուկտներ կամ ծառայություններ՝ լոկալ կամ տարածաշրջանային մակարդակով, քանի որ կարծում են, որ իրենց լոկալ շուկան արդեն բավականաչափ մեծ է: Հայաստանը չունի շատ բնակչություն, բայց մեծ թվով բարձրակարգ եւ տաղանդավոր ինժեներները ստեղծում են գլոբալ պրոդուկտներ, ինչը իսկապես ոգեւորիչ է: Տեսեք, թե ինչերի է հասել, օրինակ, PicsArt-ը:
Րինա Օնուրը եւ Նարինե Դանեղյանը
photo © Մեդիամաքս
Ոգեւորիչ է նաեւ այն, որ նման էկոհամակարգում, PicsArt-ի պես օրինակները հուսադրում են այլ ձեռներեցների՝ գնալու իրենց երազանքների հետեւից: Բացի այդ, սա նպաստում է ներքին էկոհամակարգի զարգացմանը: PicsArt-ի աշխատողները, օրինակ` մի քանի տարուց գուցե ստեղծեն իրենց առանձին ընկերությունները եւ սա է այն ձեւը, որով էկոհամակարգը կառուցվում է:
- Զուգահեռներ կանցկացնե՞ք Հայաստանի եւ Թուրքիայի ՏՏ էկոհամակարգերի միջեւ:- Նմանություններ կան, բայց պետք է ասեմ, որ Թուրքիան ունի 80 մլն բնակչություն, եւ թուրք ձեռներեցները հիմնականում մտածում են գլոբալ պրոդուկտների նմանօրինակները երկրում ստեղծելու մասին, օրինակ` Թուրքիայի Uber-ը կամ Airbnb-ն: Սա շատ սահմանափակ մոտեցում է: Դա կարող էր աշխատել 5 տարի առաջ, երբ միջազգային ընկերությունները ցանկանում էին Թուրքիա մուտք գործել եւ ձեռք էին բերում Թուրքիայում արդեն գործող եւ իրենց ընդօրինակող ստարտափները: Բայց այդ գործընթացն արդեն ավարտվել է, եւ այսօր Amazon-ը Թուրքիայում ներկայացուցչություն է բացում՝ առանց նայելու տեղական ընդօրինակողներին կամ մրցակիցներին:
Կարծում եմ, որ թուրք ձեռներեցներն Իսրայելի, Հայաստանի, Էստոնիայի օրինակով պետք է փորձեն ստեղծել նոր տեխնոլոգիաներ կամ ծառայություններ, որոնք կաշխատեն իրենց երկրի սահմաններից դուրս: Ինձ այս առումով Հայաստանը շատ է դուր գալիս:
- Թուրքիայում այսօր գործունեություն ծավալող հայ ՏՏ ձեռներեցների ճանաչո՞ւմ եք:- Հայ բնակչությունը Թուրքիայում այդքան մեծ չէ: Ծրագրավորողներն աշխատում են, լավ կարիերա ունեն, սակայն Թուրքիայի տեխնոլոգիական էկոհամակարգը բավական նեղ է: Ես շատ հայ ձեռներեցների եմ ճանաչում Սիլիկոնյան հովտում, եւ Hive-ը նրանց մի մասում արդեն ներդրում է կատարել: Ինքս էլ հետաքրքրված եմ մի շարք հայկական ստարտափներով:
- Շատերը 500 Startups-ին ծանոթ են որպես Սան Ֆրանցիսկոյում գործող աքսելերատոր: Սակայն, որքանով տեղյակ եմ, այն նաեւ այլ ուղղություններով է աշխատում: - 500 Startups-ն աշխատում է մի քանի ուղղությամբ: Ունենք աքսելերատոր, իրականացնում ենք ուղղակի ներդրումներ եւ նպաստում ենք աշխարհում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ուղիղ ներդրումների եւ էկոհամակարգի զարգացման միջոցով ստեղծվում են միկրո ֆոնդեր՝ $10-30 մլն բյուջեով, որոնք ներդրումներ են կատարում տվյալ երկրի էկոհամակարգում:
Րինա Օնուրը
photo © Մեդիամաքս
500 Istanbul-ն իր հերթին հետաքրքրված է Արեւելյան Եվրոպայից մինչեւ Հայաստան ստարտափներով: Ցանկանում ենք գտնել լավ ձեռներեցների, ներդրումներ կատարել ու նրանց միջազգային ասպարեզ դուրս բերել:
Շարունակելու ենք կապի մեջ մնալ այն ստարտափների հետ, որոնց հանդիպել ենք Հայաստանում, եւ ներկայացնել նրանց ճիշտ մարդկանց, օգնել մենթորինգով:
- Դուք Peak Games ստարտափի համահիմնադիրն եք, որը Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի ամենամեծ օնլայն եւ մոբայլ գեյմինգ ընկերությունն է: Որքանո՞վ է բարդ Թուրքիայում գործունեություն ծավալել որպես հաջողակ կին ձեռներեց:- Չեմ կարծում, որ աշխարհում որեւէ տեղ կանանց համար հեշտ է: Կապ չունի՝ գալիս եք զարգացող շուկաներից, թե Սան Ֆրանցիսկոյում եք գործունեություն ծավալում:
Իշխանության անհավասարակշռությունը կանանց եւ տղամարդկանց միջեւ տեսանելի է բազմաթիվ ոլորտներում՝ ՏՏ-ից մինչեւ ժամանց: Եվ լավ է, որ մենք բաց խոսում ենք ՏՏ ընկերություններում կանանց, տղամարդկանց եւ փոքրամասնությունների միջեւ ավելի շատ հավասարակշռություն ունենալու մասին: Մենք ճիշտ ուղղությամբ ենք առաջ ընթանում, բայց դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու:
Իմ փորձից կարող եմ ասել, որ երբ սկսում էի իմ ստարտափը համահիմնադիրներիս հետ միասին, երիտասարդ էի՝ մոտ 23 տարեկան: Բարդ էր, բայց սիրում եմ դժվարություններ հաղթահարել եւ կարող եմ 3 անգամ ավելի աշխատել՝ համոզված լինելու, որ հասել եմ նրան, ինչին ցանկացել եմ հասնել:
Այնպես որ, այո, բարդ է, բայց ճանապարհ միշտ կա: Ուստի թեւաթափ լինելու եւ բողոքելու փոխարեն, որ ամեն ինչ քո դեմ է, պետք է լավատես լինել եւ շարունակել գնալ երազանքի հետեւից:
- Վաղ շրջանում որպես ստարտափի համահիմնադիր ի՞նչ սխալներ եք կատարել: - Մենք փոքր թիմ էինք, երբ շատ վաղ ֆինանսավորում ստացանք երկու եվրոպական վենչուրային հիմնադրամներից: Այդ ամբողջ գումարով սկսեցինք բավական արագ նոր մարդկանց աշխատանքի վերցնել, եւ ընկերությունը մի քանի շաբաթում երեք հոգուց վերածվեց 50-հոգանոց ընկերության: Դա տարօրինակ էր, քանի որ շատերի անունները չէի հիշում, չէ՞ որ ամեն օր մոտ 6 հոգի էր աշխատանքի ընդունվում:
Ես հաջողակ էի, քանի որ ունեի փորձառու ներդրողներ, որոնք դարձան նաեւ մենթորներ եւ խորհրդի անդամներ: Եթե նրանք չլինեին, մենք գուցե մեծ սխալներ գործեինք:
- Հաշվի առնելով այն, որ շատ հայտեր եք ստանում ստարտափներից, որո՞նք են այն հիմնական սխալները, որոնք տեսնում եք այդ հայտերում: - Երբ վենչուրային հիմնադրամը, ներդրողը կամ աքսելերատորը դիտարկում է ստարտափը, նա նայում է թիմին, թիրախային շուկային, ընկերության տեխնոլոգիային, հրապուրիչ լինելուն եւ պայմաններին, ինչպես նաեւ պաշտպանունակությունը:
Րինա Օնուրը
photo © Մեդիամաքս
Դու պետք է կարողանաս մեզ պատմել, թե ով է քո թիմը եւ ինչու է քո թիմը մարդկանց լավագույն խումբը, որը կարող է լուծել տվյալ խնդիրը եւ ստեղծել տվյալ պրոդուկտը:
Երկրորդն այն է, որ մեզ հարկավոր է տեսնել, որ դու հասկանում ես քո շուկան, լսարանը, մրցակցային դաշտը կամ դրա բացակայությունը եւ թե ինչն է դրա պատճառը:
Երրորդը՝ պետք է ունենաս պաշտպանական տեխնոլոգիա, քանի որ, եթե գործելու ես այնպիսի շուկայում, որտեղ բազմաթիվ մրցակիցներ ես ունենալու, բավական բարդ է լինելու տարբերել քեզ մրցակիցներից, հատկապես, եթե նմանատիպ պրոդուկտ ես առաջարկում: Իսկ մենք նման բիզնեսների չենք սիրում: Մեզ հետաքրքիր են ընկերություններ, որոնք յուրահատուկ են եւ ունեն խնդրի լուծման տարբերվող մոտեցում:
Եվս մեկ բան, որ դուք պետք է իմանաք՝ մենք ներդրում չենք կատարում գաղափարի փուլում գտնվող ընկերություններում: Ցանկանում ենք տեսնել կա՛մ պրոդուկտի նախատիպ, կա՛մ արդեն աշխատող համակարգ, եւ թե ինչպիսին է մարդկանց հարաբերությունը ձեր պրոդուկտի կամ ծառայության հետ: Սրանք բաներ են, որ ստարտափները երբեմն չեն բացատրում մեզ, եւ դա է պատճառը, որ հայտերի ներկայացման գործընթացը երբեմն ճիշտ հունով չի ընթանում:
- Արհեստական բանականության (ԱԲ) լուծումներն այսօր ամենաթրենդայիններից են: Որպես ներդրող, Ձեզ համար պարտադի՞ր է, որ ստարտափի ներկայացրած լուծման մեջ առկա լինի ԱԲ տարր: - Դա պարտադիր չէ: Իհարկե, հիմա, երբ նայում ենք վերջին 12 ամիսներին, այն ներդրումները, որոնք իրականացրել եմ, եղել են ընկերություններում, որոնք ունեցել են ԱԲ եւ մեքենայական ուսուցման տարրեր: Եթե հետ գնանք 10 տարի առաջ, ապա մարդիկ հայտարարում էին, թե պատրաստվում են Mobile First ընկերություն ստեղծել: Հիմա դա ասելը հիմարություն է, քանի որ ամեն ինչն է մոբայլ: Կարծում եմ՝ 5-10 տարի անց նույնը կատարվելու է նաեւ ԱԲ-ի հետ:
Ռինա Օնուրի հետ զրուցել է Նարինե ԴանեղյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի