10:18 | 27.11.17 | Հարցազրույցներ | exclusive 195632

    Ժան Իվ Շառլիե. «ՎԵՈՆ»-ը վերածվում է թվային ընկերության

    «ՎԵՈՆ» խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեն Երեւանում նոյեմբերի 21-23-ը մասնակցեց խմբի ղեկավարության գլոբալ համաժողովին:

    Հայաստանյան շուկայի հետ կապված «ՎԵՈՆ»-ի քաղաքականության եւ հեռանկարների շուրջ Itel.am-ը զրուցել է Ժան Իվ Շառլիեի հետ:

    -Պրն Շառլիե, ի՞նչ մարտահրավերների է բախվում «ՎԵՈՆ»-ը հայաստանյան շուկայում:

    -Մենք Հայաստանում ունենք նույն մարտահրավերները, ինչ աշխարհի մյուս երկրներում: Մեզ համար կարեւոր մարտահրավեր է կենտրոնանալ հաճախորդների համար բարձր արագության դատա ծառայությունների մատուցման վրա՝ ինչպես ֆիքսված կապի, այնպես էլ մոբայլ հատվածում:

    Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է տվյալների հասույթն աճում 25-30%-ով, այնպես որ աշխարհում կա մեծ պահանջարկ հաճախորդների կողմից ինտերնետի միջոցով կապի եւ ավելի մեծ քանակով թվային ծառայությունների նկատմամբ:

    Միաժամանակ, մենք կենտրոնացած ենք նոր թվային ծառայությունների ներդրման ուղղությամբ եւ Հայաստանում 2018թ. կգործարկենք «ՎԵՈՆ» անձնական ինտերնետ հարթակը: Ցանկանում ենք երկիր բերել մեսինջեր, որն իսկապես անվճար է նույնիսկ այն ժամանակ, երբ հաշվեկշռիդ գումար չկա: Արդեն իսկ պայմանագիր ենք կնքել ավելի քան 150 հայտնի գլոբալ բրենդների հետ, որոնք ներկայացված կլինեն հավելվածում: Սա Հայաստանում Beeline-ի համար հիանալի ժամանակ է:

    - Ինչպե՞ս է «ՎԵՈՆ»-ն օգտագործում նորագույն տեխնոլոգիաների առավելությունները, այդ թվում՝ արհեստական բանականությունն ու բլոքչեյն տեխնոլոգիաները:  

    - Աստիճանաբար սկսում ենք օգտագործել նոր տեխնոլոգիաները: Հատկապես big data-ն մեր ուշադրության կենտրոնում է:

    Արհեստական բանականությունը դառնալու է ապագայի բանալին, որի միջոցով օնլայն՝ առանց զանգահարելու կամ բաժանորդների սպասարկման կենտրոն գնալու հնարավոր կլինի լուծել բաժանորդների խնդիրները: Այն իրենից լուրջ տրանսֆորմացիա է ենթադրում, եւ կարծում եմ՝ «ՎԵՈՆ»-ը լինելու է այն ընկերություններից մեկը, որն ամենաշատ ներդրումն է ունենալու հեռահաղորդակցության ոլորտի թվային փոխակերպումներում:

    Հայաստանը մեզ համար բացարձակ ռազմավարական շուկա է: Այն մեր փոքր շուկաներից է, բայց նույնքան ռազմավարական է, որքան Ռուսաստանը, Ուկրաինան կամ Իտալիան:

    Նարինե Դանեղյանն ու Ժան Իվ Շառլիեն Նարինե Դանեղյանն ու Ժան Իվ Շառլիեն
    photo © Beeline


    Այսօր մենք հետեւողականորեն ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ ու հարթակներ բոլոր շուկաներում: Սա մեզ համար մեծ փոփոխություն է, նախկինում սովոր էինք տեխնոլոգիաները ներդնել շուկա առ շուկա, իսկ հիմա դա անում ենք գլոբալ մակարդակով, այնպես որ՝ Հայաստանում Beeline-ն օգուտ է ստանում բոլոր այն ներդրումներից, որոնք խումբն իրականացնում է:

    Այսօր «ՎԵՈՆ»-ն ավելին է, քան հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն, այն ավելի շատ վերածվում է թվային ընկերության:

    - Ի՞նչ ծրագրեր ունի «ՎԵՈՆ»-ը 5G ծառայությունների ներդրման հետ կապված:

    - 5G-ն մեզ համար դեռ առջեւում է: Այն դեռ իրականություն չէ, եւ ծրագրում ենք 5G-ի հետ կապված մի շարք փորձարկումներ անել 2018-2019 թթ., երբ սարքավորումներ արտադրողների մշակած տեխնոլոգիան պատրաստ լինի:

    Սակայն մի շարք զարգացող շուկաներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, խոսքը դեռ 4G եւ մանրաթելային ցանցերի գործարկման մասին է, որը թույլ կտա բարձր որակի ծառայություններ մատուցել:

    Մենք չենք կարծում, որ 5G-ն հեղափոխական դեր կունենա ոլորտում, քանի որ նախ՝ պետք է վստահ լինենք, որ մանրաթելային եւ 4G ցանցերը արդեն իսկ ամբողջությամբ ներդրված են մեր գործունեության երկրներում:

    - Մոբայլ եւ ֆիքսված կապի օպերատորներն ամբողջ աշխարհում պայքարում են նվազող եկամուտների եւ մեծացող մրցակցության պայմաններում: Ինչպե՞ս է Ձեր ընկերությունը պայքարում այդ մարտահրավերների, հատկապես՝ OTT ծառայությունների դեմ:

    - Մեր եկամուտներն աշխարհում աճել են 3%-ով: Ավելի ու ավելի շատ հաճախորդներ են սկսել ինտերնետի միջոցով օգտագործել թվային ծառայություններ:  

    Հիմնականում ցանկանում ենք առաջարկել հեռահաղորդակցության ոլորտի լավագույն ֆիքսված ծառայությունները եւ այդ ուղղությամբ շատ ենք աշխատում: Բայց նաեւ ցանկանում ենք մրցակցել OTT (over the top) ծառայությունների հետ, որովհետեւ, եթե հեռահաղորդակցության ոլորտը ինքն իրեն չդիրքավորվի OTT-ների հետ պայքարում, բոլորս կդառնանք մեկը, որը տալիս է ուղղակի դատա ծառայություններ եւ ուրիշ ոչինչ: Դա մեծ մարտահրավեր է ոլորտի համար, եւ այդ պատճառով վերահայտնաբերում ենք ինքներս մեզ՝ թվային հատվածում առաջատար դառնալու համար:

    -Մինչ «ՎԵՈՆ»-ին միանալը՝ առաջատար պաշտոններ եք զբաղեցրել հեռահաղորդակցության ոլորտի մի շարք այլ ընկերություններում: Ի՞նչ փոփոխություններ եւ մարտահրավերներ են նկատելի հեռահաղորդակցության գլոբալ ասպարեզում վերջին տասնամյակում:

    - Ամենամեծ մարտահրավերն այն է, որ հեռահաղորդակցության ոլորտը հասել է հասունության մի մակարդակի, երբ այլեւս չի բացահայտում իր հնարավորությունները: Ամբողջ աշխարհում շուկաների մեծ մասն այլեւս չի աճում: Ոլորտը պետք է կենտրոնանա ավելի շատ բաժանորդներին ինտերնետ ծսռայություններ մատուցելու վրա: Շատ շուկաներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում, բնակչության 50%-ից քիչն է օգտվում ինտերնետից: Սա մեծ հնարավորություն է, եւ ոլորտը կարող է օգտվել դրանից:  

    - Ի՞նչ տպավորիչ գիրք եք վերջերս կարդացել:  

    - Այս ամառ ձկնորսության էի մեկնել ԱՄՆ-ի Մեյն նահանգ եւ ընթացքում գիրք էի կարդում լոբստերների որսի մասին: Գրքի անունն էր՝ The Lobster Chronicles: Life on a Very Small Island: Հետաքրքիր փաստ պատմեմ՝ 19-րդ դարում Մեյն նահանգի բանտերում լոբստերը, որն այսօր դելիկատես է, համարվում էր շատ էժան ուտելիք եւ դրանով կերակրում էին բանտարկյալներին: Կար օրենք, ըստ որի՝ արգելվում էր շաբաթական ավելի քան 3 անգամ բանտարկյալին կերակրել լոբստերով, որովհետեւ դա կտտանք էր համարվում: Հիանալի գիրք է, որը ցույց է տալիս, թե ինչպես է աշխարհը փոխվել վերջին դարերի ընթացում եւ ինչպես է փոխվում այսօր՝ ինտերնետ դարաշրջանի ընթացքում:

    Ժան Իվ Շառլիեի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը