18:08 | 16.11.17 | Նորություններ | 15618

iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը հյուրընկալվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ում

Այսօր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար, Nest Labs ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելն այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը եւ անկախ նրանից, թե որքան փոքր կամ մեծ է ձեր երկիրը, մեկ անհատ կամ մեկ թիմ կարող է հանգեցնել աշխարհում մեծ փոփոխության: Եվ կարիք չկա, որպեսզի դուք հասնեք Սիլիկոնյան հովիտ՝ արդեն հաջողված նախաձեռնությունը կրկնելու համար: 1991 թ.՝ նույն թվականին, երբ Հայաստանը ձեռք բերեց իր անկախությունը, ես առաջին անգամ մեկնեցի Սիլիկոնյան հովիտ, եւ դա հրաշալի փորձառություն էր: Այնուամենայնիվ՝ ես որոշեցի, որ պետք է շրջագայեմ ամբողջ աշխարհով մեկ՝ իմանալու համար ավելին, թե ինչպես կարող է տեխնոլոգիան միավորել տարբեր համայնքների՝ դրանք ավելի լավը եւ ուժեղ դարձնելու համար: Ուստի ես քաջալերում եմ բոլոր նրանց, ովքեր գտնվում են Հայաստանի ՏՀՏ ոլորտում կամ ցանկանում են մուտք գործել այդ ոլորտ, որպեսզի ներարկեմ վստահություն առ այն, որ հնարավոր է արձանագրել մեծ հաջողություններ եւ դրանց հասնել սեփական ռեսուրսներով, պայմանով՝ եթե բաց եք աշխարհի առջեւ»,- ասել է Թոնի Ֆադելը:

«Զարգացած տեխնոլոգիաները տնտեսական զարգացման եւ առաջընթացի գրավականն են: Տեխնոլոգիական լուծումները ստեղծագործ մտքի, որակյալ մասնագիտական կրթության եւ նորարարությունը խթանող միջավայրի արգասիք են: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հզոր ներուժ: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազգային կարեւորություն ներկայացնող ՏՀՏ ծրագրերի իրականացմանը՝ այդպիսով խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը: Ութերորդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախեւառաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության եւ աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում զարգացման նշանակալի հեռանկար ունեցող երկրի, վարկանիշի բարձրացմանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:  

«Այս տարի մենք մեծ պատիվ ունենք ավելացնելու ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության դափնեկիրների շարքին Թոնի Ֆադելին՝ գլոբալ ՏՏ ոլորտի հսկային, ով իր հայտնագործությունների շնորհիվ մեծ ազդեցություն է ունեցել մարդկության վրա։ Թոնին կարողացել է նախագծել եւ ստեղծել iPod-ի ապրանքանիշը, որը հանդիսանում է հիմնական բջջային հարթակներից մեկը եւ որն արդեն փոխել է գլոբալ արդյունաբերությունը, տնտեսությունը եւ մարդկության զարգացման ընթացքը», - նշել է Թոնի Մորոյանը:  

Ութերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության գլխավոր գործընկերությունը: Մինչ օրս ընկերությունը 162,2 մլն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով: