16:50 | 16.11.17 | Նորություններ | 15116

Դեկտեմբերի 10-ին կանկացվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

Դեկտեմբերի 10-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Արդեն 4-րդ անգամ անցկացվող միջոցառումը կազմակերպվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի եւ «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ:

Միջոցառման նպատակն է խաղերի միջոցով մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանության հետ, զարգացնել մաթեմատիկական մտածելակերպը եւ խնդիրների լուծման հմտությունները:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրից:

Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով եւ ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ՝ անկախ տարիքից: Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն:

Մասնակիցների գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN17:

2016թ. միջոցառմանը Երեւանի տարբեր դպրոցներից մասնակցել է 5-18 տարեկան 250-ից ավելի պատանի:

«Ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը հնարավորինս վաղ տարիքից պետք է զարգացնել երիտասարդների մոտ, ովքեր տեխնոլոգիական լուծումների ամենամեծ սպառողներն են։ Այս տարի «Ծրագրավորման ժամ» միջոցառման ժամանակ մասնակիցները ոչ միայն կկարողանան գրել իրենց առաջին կոդը, այլեւ ստեղծել մի նոր պրոդուկտ՝ վեբկայք, խաղ կամ հավելված, որը հետագայում նրանք կկարողանան զարգացնել եւ ավելի լավ մշակել»,- նշել էՄայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

«Տնտեսության գերարագ զարգացումները նոր մարտահրավերներ են նետում կրթությանը, եւ դրանց պատասխանը պետք է լինեն կարծրատիպերից զերծ նախաձեռնությունները: Միգուցե դպրոցական համակարգն ապագայում կգեներացնի նոր լուծումներ՝ զարգացնելով «Ծրագրավորման ժամ» միջոցառման հիմքում դրված գաղափարները: Մենք ոգեւորված ենք այդ միջոցառման նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությամբ, քանի որ տեսնում ենք մեր երկրի ապագան՝ որպես տեխնոլոգիական գերտերության»,- ընդգծել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: