16:41 | 27.10.17 | Հոդվածներ | exclusive 94692

Founder Institute-ը կվերապատրաստի հայաստանյան ստարտափներին

Founder Institute-ը, որը գաղափարի եւ նվազագույն կենսունակ պրոդուկտի (MVP) փուլում ստարտափներ կայացնելու ճանապարհին աշխարհի առաջատար ծրագրերից է, հայտեր է ընդունում Երեւանում իր 4-ամսյա աքսելերացիոն ծրագրի համար: Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 29-ն է:

Հայաստանում Founder Institute-ը հիմնադրել են Արմին Սաիդին, Նարինե Կոտիկյանը եւ Մարի Բարսեղյանը:

Նարինե Կոտիկյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ ստարտափները 4 ամիսների ընթացքում սովորում են բիզնես սկսելու հմտություններ:

«Founder Istitute-ի ծրագիրը ունի տարիների ընթացքում իրեն լավագույնս երաշխավորած ու շարունակաբար էլ ավելի լավացող մոդել, ինչը ներառում է հստակ կառուցվածք ու մոդուլներ, մենթորների հետ մանրակրկիտ աշխատանք եւ ահռելի կապեր ամբողջ աշխարհում ամենահաջողակ հիմնադիրների ու ներդրողների հետ՝ ավելի քան 8000 մարդ: Ձեւաչափն այնպիսին է, որ մասնակիցները պետք է անպայման աշխատեն իրենց գաղափարի/բիզնեսի վրա, այլ ոչ թե գործեն «հիմա լսենք, սովորենք, հետո կանենք» սկզբունքով»,- ընդգծում է Founder Institute Հայաստանի համահիմնադիրը:

Նարինե Կոտիկյանի խոսքով՝ ծրագրին դիմելու փուլին հաջորդելու է ամենակարեւոր փուլը՝ Entrepreneurial DNA թեստի հանձնումը:

Մարի Բարսեղյանն ու Նարինե Կոտիկյանը Մարի Բարսեղյանն ու Նարինե Կոտիկյանը
photo © Անձնական արխիվից


«Սա տարիներ շարունակ տասնյակ հազարավոր ձեռնարկատերերին ուսումնասիրելու արդյունքում մշակված IQ եւ ներանձնային հատկանիշները վեր հանող հարցաշար է, որի միջոցով Founder Institute-ը կարողանում է արդեն չափազանց մեծ ճշգրտությամբ գնահատել դիմորդի պոտենցիալն ու ձեռնարկատիրական ունակությունները: Նաեւ այս թեստավորման շնորհիվ է, որ Founder Institute-ի շրջանավարտների մոտ հաջողության հասնելու հավանականությունը մոտ 70% է, այնինչ, ինչպես գիտենք, սովորական պայմաններում սովորաբար 10 ստարտափից մեկն է հաջողում»,- ասում է նա:
 
Մարի Բարսեղյանն էլ նշում է, որ ծրագրի մենթորները ընտրվել են թե՛ լոկալ էկոհամակարգից, թե՛ արտերկրից:

«Մենթորներին ներկայացվող պահանջները հստակ են. նրանք կա՛մ պետք է լինեն ընկերությունների հիմնադիրներ, կա՛մ ներդրողներ: Որոշ բացառություններ բնականաբար կան, երբ առաջնահերթությունը տրվում է կոնկրետ ոլորտի գուրուներին՝ ինչպիսիք են մարքեթինգը, իրավաբանական հարցերին առնչվող մոդուլները, բայց այս սահմանափակումն արվում է այն նպատակով, որպեսզի մենթորները հենց ներսից ծանոթ լինեն կիսելու ու զարգացնելու բոլոր դժվարություններին ու ըստ այդմ՝ մաքսիմալ օգտակար լինեն իրենց փորձով մեր մասնակիցների համար»,- պարզաբանում է նա:

Մարի Բարսեղյանի խոսքով՝ ծրագիրը Հայաստան բերելու համար տարիներ են պահանջվել:

«Բնականաբար, հաշվի առնելով մեր երկրում ստարտափ էկոհամակարգի արագ աճը, բազմաթիվ խոստումնալից երիտասարդների, գաղափարների ու սկսնակ ընկերությունների առկայությունը՝ մեզ համար առաջնային շարժառիթ էր Հայաստանը եւս ընդգրկելու այս համաշխարհային ցանցում: Սա նաեւ լուրջ հնարավորություն է՝ Հայաստանը դնելու գլոբալ քարտեզի վրա՝ տեսանելի դարձնելով մեր երկրի ներուժը Founder Institute-ի ցանցում ընդգրկված ավելի քան 7500 բիզնես ղեկավարների ու ներդրողների, ինչպես նաեւ 2000 շրջանավարտ ստարտափների համար»,- եզրափակում է Founder Institute Հայաստանի համահիմնադիրը:

Դասընթացն արժե $500:

Founder Institute հիմնադրվել է 2009թ. Սիլիկոնյան հովտում: Կազմակերպության կենտրոններն այժմ գործում աշխարհի 60-ից ավելի երկրի 150 քաղաքներում: Կառույցի շրջանավարտների կողմից ստեղծված ընկերությունների ընդհանուր արժողությունը ավելի քան $15 մլրդ է:   

Նարինե Դանեղյան