11:07 | 11.10.17 | Հոդվածներ | exclusive 192324
Հայաստանում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Մոբիլնիե Մեդիցինսկիե Տեխնոլոգիի» ՍՊԸ-ին պատկանող «Օնլայն դոկտոր» ռուսաստանյան նախագիծը:
Նախագծի մեկնարկը Հայաստանում նշանավորվել է CityZen մասնագիտությունների մանկական քաղաքում պոլիկլինիկական տաղավարի բացմամբ:
Մանկական քաղաք այցելող երեխաները ինքնուրույն են որոշում, թե որ հաստատություն այցելել, սակայն, մասնագիտություն ստանալու համար «քաղաքի բնակիչները» պետք է այցելեն պոլիկլինիկա, որտեղ կստուգվեն նրանց հասակն ու քաշը, ինչպես նաեւ տեսողությունը: Այսպիսով, վարորդական իրավունք ստանալու կամ հրշեջ աշխատելու համար անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
Նոյեմբերից CityZen-ի տարածքում հնարավոր կլինի նաեւ ձեռք բերել «Օնլայն դոկտոր» ծառայության փաթեթները, որոնք ապահովում են հերթապահ մանկաբույժների եւ նեղ մասնագիտական բժիշկների շուրջօրյա հասանելիությունը՝ առանց բուժհաստատություն այցելելու:
«Օնլայն դոկտոր» եւ «Պեդիատր 24/7» ծառայությունների վիճակագրությունը վկայում է, որ առողջական խնդիրներով դիմումների մինչեւ 85%-ը լուծվում է հեռակա եղանակով: Առավել հաճախ հանդիպող հայտերից են՝ առկա ախտորոշման վերաբերյալ երկրորդ բժշկական կարծիքի ստացումը, առողջական վիճակի սրման դեպքերը եւ երեխայի խնամքին վերաբերող հարցերը:
«Արդի հասարակության մեջ համացանցը ստեղծում է լայն հնարավորություններ: Փորձառու բժիշկների հետ համատեղ՝ մենք մշակել ենք աշխատանքի ռեգլամենտներ, որոնք թույլ են տալիս առավել արդյունավետ համագործակցել հաճախորդների հետ: Մեր ծառայությունների շնորհիվ մենք կրճատում ենք բժշկի ու հաճախորդի միջեւ առկա տարածությունը, տրամադրում ենք բարձր որակավորման բժիշկների հասանելիություն՝ դրանով իսկ ապահովելով հաճախորդների սպասարկման պատշաճ մակարդակը», - նշել է «ՄՄՏ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն, համահիմնադիր եւ «Օնլայն դոկտոր» նախագծի ղեկավար Դենիս Յուդչիցը:
«Բժիշկ-պացիենտ» ձեւաչափով հեռաբժշկությունը միջազգային պրակտիկայում զարգանում է արդեն 15 տարվա ընթացքում, իսկ Հայաստանին ամենամոտ գտնվող ռուսաստանյան հեռաբժշկական ծառայությունների շուկան վերջին 1,5 տարում դինամիկ զարգանում է: Այս ժամանակահատվածում Ռուսաստանի մանրածախ ոլորտում վաճառվել է «Օնլայն դոկտոր» հեռաբժշկական խորհրդատվությունները ներառող ավելի քան 100 000 ապահովագրական փաթեթ: Այսօր նախագիծը գործում է նաեւ Ղազախստանում, որտեղ վաճառվել է հեռակա բժշկական խորհրդատվություններ ներառող շուրջ 3000 փաթեթ:
«Օնլայն դոկտոր»-ը բժշկական առցանց խորհրդատվությունների շուրջօրյա ծառայություն է: Նախագիծը պատկանում է «Մոբիլնիե Մեդիցինսկիե Տեխնոլոգիի» ՍՊԸ-ին` առողջապահության ոլորտում առցանց նախագծերի մշակմամբ զբաղվող կազմակերպությանը:
Ծառայության շրջանակում օգտատերը կարող է երեք րոպեի ընթացքում ստանալ բժշկի հեռակա խորհրդատվություն՝ գտնվելով ցանկացած վայրում՝ տանը, գրասենյակում կամ ճանապարհին: Գործունեության երեք տարիների ընթացքում ծառայությունը համախմբել է 35 նեղ մասնագիտացումների ավելի քան 120 բժշկի Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի առաջատար բուժհաստատություններից, որոնց որակավորման մեջ կարող է համոզվել ցանկացած օգտատեր՝ նախքան խորհրդատվության հերթագրվելը:
Ծառայության օգտատերը ոչ միայն հնարավորություն ունի կապ հաստատել բժշկի հետ ձայնային զանգի, տեսազանգի կամ հաղորդագրության միջոցով, այլեւ ուղարկել ախտորոշումների տվյալները, լուսանկարները կամ ուլտրաձայնային հետազոտությունների պատկերները: Կազմակերպությանը պատկանում է սեփական մշակման MMT Pro հարթակը, ինչպես նաեւ «Օնլայն դոկտոր» (onlinedoctor.ru) եւ «Պեդիատր 24/7» (pediatr247.ru) նախագծերը: