15:33 | 25.10.17 | Նորություններ | 6051

Գյումրիում ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա է բացվել

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում այսօր բացվել է ՏՏ ինկուբացիոն լաբորատորիա, որը մարզի 17-35 տարեկան գործազուրկներին կտրամադրի 5-ամսյա ՏՏ դասընթաց:

Նախագիծը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում:

ԵՄ-ի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ` վերջիններիս համար կրտսեր ծրագրավորողներ պատրաստելու նպատակով:

Դասընթացի առաջին փուլն արդեն ավարտված է, ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցել է ավելի քան 50 մարդ, որոնք նոյեմբերի սկզբից կմասնակցեն իրենց պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Ծրագիրն ակնկալում է ունենալ տեղական ընկերություններում աշխատող մոտ 90 ՏՏ մասնագետներ:

«EU4Business եւ EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաեւ հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի եւ համապարփակ զարգացման խթան»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Շիրակի մարզը մարդկային ռեսուրսների հսկայական ներուժ ունի։ Ծրագրի միջամտությունը ներառում է թիրախային գործողություններ` ուղղված ՏՏ ընկերությունների ընդլայնմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը` գործազուրկ բնակչության ու արդեն իսկ ներգրավված աշխատակիցների հմտությունների եւ գիտելիքների հարստացման եւ տեղական ու միջազգային շուկաներում ավելի լավ դիրքորոշման միջոցով»,- նկատել է ՄԻԿ-ի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Այսօր նաեւ հայտարարվել է, որ 7 տեղական ՏՏ ընկերություններ €5 000-10 000-ի սահմաններում դրամաշնորհներ կստանան՝ գործունեության ընդլայնման եւ ծրագրի աշխատակիցների համար նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: