16:54 | 24.10.17 | Նորություններ | 8798

Բլոկչեյնը հասարակության զարգացման նոր փուլ կձեւավորի, կարծում են Երեւանում

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը կարծում է, որ բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառությունը հեղափոխական ազդեցություն կունենա տնտեսության բոլոր ոլորտների վրա:

Այս մասին Մանուկ Հերգնյանն ասել է «Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» թեմայով քննարկման ժամանակ:

«Բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ կոնկրետ գնահատական ներկայում դժվար է տալ: Սակայն ակնհայտ է, որ այն հեղափոխական ազդեցություն է ունենալու բազմաթիվ ոլորտների վրա: Շատերը բլոկչեյնը համեմատում են ինտերնետի հետ՝ համարելով, որ դրանով սկսվելու է տնտեսության եւ հասարակության զարգացման մի շրջափուլ, որը շատ նման է լինելու ինտերնետի ազդեցությանը»,- նշել է նա:

Մանուկ Հերգնյանի խոսքով՝  բլոկչեյնն այսօր վերածվել է տնտեսական գործընթացների կարեւորագույն օղակի:

«Գործարքների կնքման՝ աշխարհում գոյություն ունեցող բոլոր վստահության մեխանիզմները ներառում են որեւէ երրորդ կողմի: Դրամական փոխանցումների ժամանակ, օրինակ, այդ դերում հանդես է գալիս բանկը: Մինչդեռ բլոկչեյնը թույլ է տալիս ապահովել գործարքի թափանցիկությունը՝ շրջանցելով միջնորդներին: Սա ֆունդամենտալ հարց է եւ հենց դրանով են պայմանավորված կենտրոնական բանկերի մտավախությունները»,- ընդգծել է նա:

Բլոկչեյն հետազոտությունների եւ զարգացման կենտրոնի (Blockchain R&D Hub) համահիմնադիր Արման Ալեքսանյանն էլ կարծում է, որ Հայաստանը մեծ հավակնություններ կարող է ունենալ աշխարհում բլոկչեյնի զարգացման կենտրոններից մեկը դառնալու հարցում:

«Բլոկչեյն տեխնոլոգիաների նկատմամբ մեծ հետաքրքրություն ենք նկատում ոչ միայն աշխարհում, այլեւ տեղական շուկայում: Բազմաթիվ նոր նախաձեռնություններ ցանկություն ունեն կիրառել այս տեխնոլոգիան կամ փորձում են ուսումնասիրել դրա կիրառման հնարավորություններն իրենց ոլորտում: Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի բլոկչեյնի զարգացման կենտրոն դառնալու համար, եւ մենք արդեն ունենք գրանցած հաջողություններ»,- ասել է նա:

Արման Ալեքսանյանի խոսքով՝ Blockchain R&D Hub-ն արդեն իսկ մշակել եւ մի քանի ամիս առաջ թողարկել է թվային ակտիվների շրջանառման առաջին հարթակը՝ DECENT-ը, իսկ ներկայում աշխատում է եւս մեկ հարթակի՝ PUBLIQ     մեդիամիջավայրի ստեղծման ուղղությամբ:

Նույն կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Եղիազարյանն էլ նշել է, որ բլոկչեյնն իրենց համար ավելի շատ լուծում է, քան նպատակ:

«Մենք բավական երկար ժամանակ փնտրում էինք նորարարական լուծում ՝ ստեղծելու մի նոր մեդիամիջավայր, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ազատ արտահայտվելու եւ ազատ տնտեսական գործունեություն ծավալելու համար: Բլոկչեյնը դարձավ հենց այդ ունիկալ լուծումը, եւ սկսեցինք աշխատել PUBLIQ-ի ստեղծման ուղղությամբ»,- ընդգծել է նա:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության քոլեջի դեկան Արամ Հաջյանն էլ բլոկչեյնը համեմատել է Wikipedia-ի հետ: Վերջինս տվյալների ապակենտրոնացված բազա է, որի հաջողված փորձը, ըստ Արամ Հաջյանի, կարող է նախադեպ լինել բլոկչեյնի համար:

Նրա խոսքով՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը փորձում է հետ չմնալ համաշխարհային միտումներից եւ օժանդակում է նորագույն տեխնոլոգիաների տարածմանը Հայաստանում:

«Մեր համալսարանը կարեւոր օղակ է Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման, մասնավորապես՝ առաջադեմ տեխնոլոգիաների ուղղություններով մասնագիտացող որակյալ կադրերի պատրաստման գործում: Մենք կարեւորում ենք ապագայի տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական ինտելեկտը, բլոկչեյնը, մեքենայական ուսուցումը»,- ընդգծել է Արամ Հաջյանը: